Հռոմում շաբաթավերջին կհանդիպեն G20-ի առաջնորդները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տիկնոջ՝ Ջիլ Բայդենի հետ, արխիվ

Աշխարհի խոշոր տնտեսությունների առաջնորդները պատրաստվում են այս շաբաթավերջին հանդիպել Հռոմում՝ մասնակցելու COVID-19 համավարակի սկսվելուց ի վեր G20-ի առաջին գագաթնաժողովին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տիկնոջ՝ Ջիլ Բայդենի հետ այսօր Վաշինգտոնից Հռոմ կմեկնի, հայտնում է Սպիտակ տունը։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախքան Հռոմ մեկնելն ակնկալվում է, որ Բայդենը կմասնակցի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների խմբի հանդիպմանը։ Քննարկվելու է ներքին ծախսերի օրինագիծը. այն ներառում է առողջապահական ծրագրերը, համընդհանուր նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորումը և մոտ 500 միլիարդ դոլար կլիմայի փոփոխության դեմ պայքարին տրամադրելու հարցը: Բայդենը երեկ թվիթերյան գրառմամբ կոչ էր արել Կոնգրեսին «այս օրինագծերը հասցնել վերջնագծին»:

ԱՄՆ նախագահը ցանկանում է խուսափել առանց կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառումների մասին համաձայնագրի Եվրոպա մեկնելուց։ Մեծ քսանյակի գագաթնաժողովից անմիջապես հետո հոկտեմբերի 31-ին Գլազգոյում տեղի է ունենալու Կլիմայի փոփոխության կոնֆերանսը։