Ռուսաստանում երեկ երեկոյան հրապարակված տվյալներով՝ կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 1123 հիվանդ: Դա, ինչպես իշխանությունն է նշում, համավարակի բռնկումից ի վեր ամենաբարձր թիվն է: Ընդհանուր հաշվով կորոնավիրուսից Դաշնությունում, հոկտեմբերի 27-ի դրությամբ, մահացել է 233 հազար 898 հիվանդ:
Մեկ օրում ախտահարվել է 36 հազար 582 բնակիչ: Մասնագետները նշում են, որ երկու շաբաթ անընդմեջ Ռուսաստանում օրական վարակվում է ավելի քան 30 հազար մարդ: Ընդհանուր հաշվով ախտահարվածների թիվը երեկվա դրությամբ 8 միլիոն 352 հազար 601 էր: Հիվանդությունից ապաքինվել է 7 միլիոն 242 հազար 735 մարդ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Համաճարակային ծանր իրավիճակի պատճառով Ռուսաստանում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարվելԱյս օրերին մասնագետներն ասում են, թե կորոնավիրուսի համավարակը Ռուսաստանում արդեն համազգային լուրջ խնդիր է դառնում: Հարցումների արդյունքների համաձայն՝ ռուսաստանցիների 52 տոկոսին այս կամ այն չափով մտահոգում է վարակվելու վտանգը, 15 տոկոսը շատ են վախենում վիրուսից, 12 տոկոսը համոզված են, որ իրենց հետ ոչինչ չի պատահի, ևս 12 տոկոսը հայտնել են, որ իրենք կամ իրենց ազգականներն արդեն վարակվել և ապաքինվել են, 7 տոկոսն էլ ընդհանրապես չի մտածում կորոնավիրուսի մասին:
77 տոկոսը համաձայն է, որ պատվաստումը մարդու անձնական որոշումն է, 20 տոկոսը պարտադիր պատվաստման կողմնակից է, 73 տոկոսը ենթադրում է, որ չի կարելի մարդկանց պատվաստվելու կոչ անել, 22 տոկոսը կողմ է պատվաստման անհրաժեշտության մասին քարոզարշավին:
Ի դեպ, Ռուսաստանի Անկախ արհմիությունների դաշնության նախագահ Միխայիլ Շմակովի համոզմամբ՝ վակցինան պետք է պարտադիր լինի, քանի որ այլևս չի կարելի հանդուրժել կորոնավիրուսի տարածման և մահացության բարձր թվերը:
«Հիմա պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկել, հետո, երբ վիճակը կայունանա, կարելի է վերադառնալ դեմոկրատիային», - ասել է Շմակովը:
Ավելի վաղ նման կոչով է հանդես եկել նաև Ռուսաստանի Արդյունաբերողների և ձեռներեցների միությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանում 4-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսի աննախադեպ թվեր են գրանցվումՀոկտեմբերի 26-ին կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ համավարակը զսպելու ծրագրին կտրամադրվի լրացուցիչ 56 միլիարդ ռուբլի՝ դա հավասար է մոտ 800 միլիոն դոլարի:
«Մենք տեսնում ենք, որ կորոնավիրուսային պատկերն իսկապես շատ լուրջ է ռուսաստանյան բոլոր շրջաններում: Մահացությունը շատ բարձր է, մեծ թվով հիվանդներ ծայրահեղ ծանր վիճակում են, նրանց թվում առաջին հերթին մարդիկ են, ովքեր ժամանակին չեն պատվաստվել, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, ամենակարևորը վակցինան է, առանց դրա հնարավոր չէ զսպել այս վարակի տարածումը», - կորոնավիրուսի հարցով դաշնային շտաբի խորհրդակցության ընթացքում ասել է Միշուստինը:
Իրավիճակի բարդության մասին են վկայում մարզերից ստացվող հաղորդագրությունները: Վոլգոգրադի շրջանի Վոլժսկի քաղաքի հիվանդանոցում այլևս ազատ տեղ չկա:
«Այս պահին էլ տեղ չկա, ունենք 540 մահճակալ, 490 հիվանդ անկողիններում են, ևս 50-ը՝ վերակենդանացման բաժանմունքում, հիվանդների 98-99 տոկոսը չէր պատվաստվել», - ասել է Վոլժկսի քաղաքի հիվանդանոցի փոխտնօրեն Ռոման Միրոնովը:
«Ես իհարկե գիտեմ, թե ինչ արժեք ունի մարդու կյանքը, բայց այստեղ դա առավել խորն ես հասկանում, այս հիվանդությունը ոչ մեկին չի խնայում», - ասել է նույն հիվանդակոցի աշխատակցուհի Ելենան: