Պատերազմից մեկ տարի անց Մեծամորի դիահերձարանի սառնարանում անթաղ են մնում զոհված զինծառայողների 100 մարմին ու մասունք: Պոլիէթիլենային պարկերի վրա նրանց գենետիկական փորձաքննության կոդերն են գրված: Այս մարմինները հիմնականում նույնականացված են, այսինքն պարզ է ովքեր են, անուն-ազգանուն ունեն:
«Նշանակում է, որ տվյալ դիակից կամ մասունքից դատաբժշկական փորձաքննության ընթացքում դեռևս վերցված դատագենետիկական նմուշառումը նույնականացվել է այս կամ այն անձի հետ», - ասաց Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի մարզային բաժնի վարիչ Սերգեյ Աբգարյանը:
Ծնողները հայտնի են, սակայն նրանք հրաժարվում են մարմինը կամ մասունքը տանել, հուղարկավորել, ասում է դատաբժշկական կենտրոնի Արմավիրի համակարգող Սերգեյ Աբգարյանը: Հիմնական պատճառն այն է, որ չեն վստահում ԴՆԹ փորձաքննության պատասխանին, կամ եթե խոսքը մարտադաշտում գտնված մասունքի մասին է՝ սպասում են, մինչև զինվորի մյուս մասունքներն էլ գտնվեն:
«Ծնողներ կան, որ մոտենալով հայտնում են, որ նույնականացվել է մի հատ փոքր ոսկրային հատված՝ ասենք 5 սմ երկարությամբ, խնդրում են, ասում են՝ բժիշկ ջան, թող մնա, միգուցե մի որոշակի ոսկրային զանգված էլ իր հետ կնույնականանա, մենք որոշակի զանգված կհուղարկավորենք: Ասում են՝ ուզում ենք գերեզման ունենալ», - նշեց Աբգարյանը:
Մեծամորի դիահերձարանում պահվող միայն մի քանի մարմիններ կան, որ հնարավոր չի եղել նույնականացնել` կամ ականապայթյունային վնասումները թույլ չեն տալիս որակյալ նմուշառում անել, կամ էլ հենց այդ զինվորների ծնողները ԴՆԹ չեն հանձնել: Հարազատների մի խումբ արյուն հանձնել հրաժարվում է՝ վստահ են իրենց որդիները ողջ են, գերեվարված:
Այս դիահերձարանի բակ մտած հենց առաջին սառնարանային մեքենայում մի զինվորի մարմին կար՝ նախորդ տարվա հոկտեմբերին, որ մինչև այժմ այստեղ է: Ի՞նչ անել սառնարանի դարակների վրա մնացած մարմինները, այս ամռանը առողջապահության նախարարը հայտարարեց, թե պետությունն ինքը կհուղարկավորի զինծառայողներին մարմինները, եթե հարազատները չվերցնեն:
«Առաջիկայում մենք հանդես կգանք նաև մեր հետագա պատկերացումները այս իրավիճակից դուրս գալու և մեր զինվորների, մեր հերոսների դիերը հողին հանձնելու, հուղարկավորելու միասնական մոտեցում», - նշել է նախարար Ավանեսյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատաբժշկական կենտրոնում նույնականացվել է շուրջ 100 զոհվածի մարմինԵղբայրական գերեզմանի մասին, սակայն, հետո այլևս չխոսվեց, հավանաբար հաշվի առան այդ գաղափարին դեմ մի քանի ծնողների արձագանքները։
Բժիշկ Աբգարյանը շեշտում է՝ մարմինները մեկ տարի է խորը նեխային գործընթացում են, սառնարանն այս դեպքում ոչինչ չի փոխում, տղաներին պետք է հողին հանձնել հնարավորինս արագ:
«Ես չեմ ընդունում այս մոտեցումը, որ այս տղաները շուրջ մեկ տարի և ավելի է արդեն գտնվում են այս մետաղական սառը պայմաններում, ինչ-որ սառնարաններում: Նրանք մահացել են մի բանի համար, որը կոչվում է մայրենի հող, ու մենք փաստացի՝ թե՛ մենք, թե՛ ծնողները, թե՛ ով ընդհանրապես պրոցեսի մեջ ամփոփվում է, չենք կարողանում այս տղաներին հանձնել մայր հողին», - ընդգծեց Սերգեյ Աբգարյանը:
Ծնողների մի խումբ էլ գենետիկ նմուշն արտերկիր կրկնակի փորձաքննության է ուղարկել, սպասում են պատասխանների: Սերգեյ Աբգարյանը հավատացնում է՝ մինչև այժմ տասնյակ ստուգումներ են արել ծնողները և չկա դեպք, որ պատասխանը հայաստանյան փորձաքննության հետ համընկած չլինի, միևնույնն է՝ սառնարանում մարմինների թիվը չի պակասում:
«Մեկ, երկու, երեք անգամ ճանաչումից հետո անգամ նրանք կասկածում են, գենետիկան մակրոսկոպիկ ճանաչման մեթոդիկա չի: Եթե հինգ անգամ մի մարդուն նույնականացնում են, դա նշանակում է՝ ես ես չեմ, դուք էլ դուք չեք», - ասաց բժիշկը:
Աբգարյանի տպավորությամբ՝ մի քանի արտառոց պատմություններ են խորացրել ծնողների կասկածները, օրինակ, մի զինծառայողի ձեռք էր գտնվել, նույնականացվել, ծնողները հուղարկավորել էին, հետո պարզվել էր տղան անգիտակից հիվանդանոցում է՝ առանց ձեռքի. - «Աղավաղեցին այդ պրոցեսը, ասում է, տեսեք, ճանաչել են, այս մարդուն տարել են հուղարկավորել են, բայց այդ մարդը ողջ է»:
Մեծ թվով զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ՝ հետպատերազմական փուլում հնարավոր էր ամեն ինչ: Այս դիահերձարանի բակում 8 սառնարան էր կանգնած, բակում՝ հազարավոր մարդիկ, որ իրենց հարազատի մարմինն էին փնտրում՝ այդ ժամանակ դեռ ճանաչելի: Սենյակներից մեկի ողջ պատով մեկ հարազատները լուսանկարներ էին փակցրել՝ դրանցում զինվորի խալը, դաջվածքը, առանձնացնող մի նշան:
Հիմա պատերի նկարները քչացել են, մի մասին հուղարկավորեցին, մյուսներին դեռ փնտրում են, գուցե զինվորներ էլ կան հարևան սառնարանի դարակների վրա. քանի ամիս է ոչ մի մարմին այստեղից չի հուղարկավորվում վաղուց, ասում է բժիշկը: Նախորդ Ամանորին, երբ մարմինները դեռ բակի սառնարան մեքենաներում էին, նրանց հիշատակին այստեղ մոմերով փուչիկներ վերև ուղարկեցին: Սերգեյ Աբգարյանն ասում է՝ գոնե մինչև այս տարեվերջ տղաների մարմինները հողին հանձնվեն, հանգստանան: