Իշխանությունը մերժեց Ղարաբաղի հարցով ընդդիմության հայտարարությունը

Ազգային ժողովում Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակի և սահմանազատման խնդիրների վերաբերյալ փակ ռեժիմով քննարկումից հետո՝ ընդդիմության հեղինակած հայտարարության նախագիծն այսօր չընդունվեց. իշխանությունը չմասնակցեց քվեարկությանը։

Տիգրան Աբրահամյան, արխի

«Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը նախքան քվեարկությունը ներկայացրեց հայտարարության տեքստը, որում նշվում էր, որ խորհրդարանը դատապարտում է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած զինված ագրեսիան Արցախի դեմ, պատերազմի ընթացքում և հետո պատանդառված անձանց իրավունքի կոպտագույն խախտումները, Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներ ներխուժումը, շարունակաբար ուժի գործադրումը։ Կետերից մեկն էլ վերաբերում էր առաջիկայում հնարավոր փաստաթղթերի ստորագրմանը.

«Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում. Գտնում եմ, որ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը ապօրինի բռնակցված Արցախը չի կարող ընդգրկվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ միջազգային իրավական պարտավորություն հիմք ընդունելու որևէ քարտեզով արձանագրված սահմանները, Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացնող որևէ անձ, այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավարը կամ այլ ներկայացուցիչ չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնության գալ՝ խախտելով Արցախի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը վերաբերող վերը նշված իրավական նորմերը», - ներկայացրեց Աբրահամյանը:

Ընդդիմադիրները հայտարարությամբ կառավարությունից պահանջում էին նաև զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնությունից, որոնք կխախտեն Սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի կամքը, ընթացող գործընթացների վերաբերյալ ԱԺ-ին հավաստի տեղեկատվության տրամադրել, ԶՈՒ-ի բարեփոխումների և անվտանգային համակարգին վերաբերող հարցերում լինել հնարավորինս թափանցիկ։

Հայկ Կոնջորյանը, արխիվ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց՝ հայտարարությունը քաղաքական մեծամասնությունը ստացել է երեկ օրվա երկրորդ կեսին, տեքստի մշակմանը չեն մասնակցել, այնուամենայնիվ, փորձել են ընդդիմության հետ ստանալ կոնսենսուսային տարբերակ, որը, սակայն, չի հաջողվել։

«Հայտարարության մեջ նաև տեղ են գտել ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումներ, որոնք նման հայտարարության մեջ, ըստ մեզ, չեն կարող տեղ գտնել, և, ցավոք սրտի, մենք չենք կարողացել ընդդիմության հետ հասնել կոնսենսուսի, որ այդ ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումները Ազգային ժողովի հայտարարության այս տեքստից հանել», - ընդգծեց Կոնջորյանը:

Տիգրան Աբրահամյանը հաստատում է՝ տեքստի վերաբերյալ իշխանությունը դեռ երեկ հայտնել է, որ վերապահումներ ունի. ընդդիմադիր պատգամավորը, սակայն, չի կարծում, թե գլխավոր խնդիրն այստեղ ներքաղաքական հարցն էր:

«Ովքեր հայտարարության տեքստին ծանոթացել են, առաջին բանը, որ արձանագրում են ոչ միայն բխում է ընդդիմության կամ հասարակության շահերից, դա բխում է նաև իշխանության շահերից, որովհետև իշխանությունը պետք է իմանա, որ կա հանրության կամքը սահմանելու այն կարմիր գծերը, որի պայմաններում իշխանությունը չի կարող ավելի քայլ կատարել», - ասաց Աբրահամյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սահմանազատման ու շփման գծում իրավիճակի մասին փակ քննարկումից ընդդիմադիրները գոհ չենԱԺ-ն փակ նիստում քննարկեց շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները


Ընդդիմադիրներին երեկ չէր գոհացրել նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալի ու ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի հետ փակ հանդիպումը։ Նիստից հետո հայտարարեցին, որ իրենց հուզող հարցերի պատասխաններն այդպես էլ չէին ստացել։