Ուկրաինական բանակն առաջին անգամ թուրքական հարվածային «Բայրաքթար» է կիրառել Դոնբասի ռուսամետ անջատականների դեմ։ Այդ մասին պաշտոնապես հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Հրապարակված կարճ տեսանյութում «Բայրաքթարը» թիրախավորում և հարվածում է հրետանային մարտկոցին։ «Բայրաքթարով» հարձակումը կատարվել է հոկտեմբերի 26-ին։
Ուկրաինայի գլխավոր շտաբի հայտարարությունից, տեսանյութի հրապարակումից հետո Ռուսաստանի և Դոնբասի ռուսամետ անջատականներ հանդես են գալիս իրարամերժ հայտարարություններով։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօրվա ասուլիսում ասել է, թե բոլոր միջոցներով ստուգում են Ուկրաինայի կողմից «Բայրաքթար» կիրառելու տեղեկատվությունը, այդ նպատակով շփումների մեջ են նաև Դոնեցկի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով՝ դժվար է հասկանալ՝ ինչն է ճիշտ, և ինչն է հորինած։ Լավրովի ներկայացմամբ՝ որքան հասկանում են՝ «Բայրաքթար» կիրառելու մասին ուկրաինական կողմի հայտարարությունները, դատելով ամեն ինչից, կապված են Ստարոմարինկա գյուղի իրավիճակի հետ, որտեղ ուկրաինական կողմը սադրանքի է դիմել, բայց դիմադրության հանդիպել։
Լավրովը նշել է, որ «Բայրաքթար» կիրառելու մասին այս պատմությունը սկզբունքորեն պետք է մտածելու տեղիք տա բոլոր նրանց, ովքեր անձնատուր են լինում Ուկրաինայի քմահաճ պահանջներին, որ նրանց անհրաժեշտ է վաղը ՆԱՏՕ ընդունել, և իհարկե նաև նրանց, ովքեր զինում են նեոնացիստների կողմից վերահսկվող Կիևի ռեժիմը։
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության այսպես կոչված՝ արտգործնախարարությունը ևս այսօր ասել է, թե ստուգում են «Բայրաքթար» կիրառելու մասին տեղեկատվությունը, դեռ հաստատող փաստեր չկան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չավուշօղլուն և Կուլեբան խոսել են Ուկրաինայում «Բայրաքթար» ԱԹՍ-ների համատեղ արտադրություն սկսելու մասին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան և Ուկրաինան Բայրաքթար ԱԹՍ-ների սպասարկման կենտրոնի կառուցման հուշագիր են ստորագրել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը չի պատրաստվում «Բայրաքթարներ» գնելՌուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, այսօր մեկնաբանելով միջադեպը, նշել է, որ «Բայրաքթարները» Ուկրաինան ստացել է Թուրքիայից․ «Մենք իսկապես առանձնահատուկ լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, բայց տվյալ դեպքում, ցավոք, հաստատվում են մեր մտահոգությունները, որ ուկրաինացի զինվորականներին նման տեսակի սպառազինությունների մատակարարումը կարող է պոտենցիալ հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը շփման գծում։ Մենք տեսնում ենք, որ այդպիսի սպառազինությունները հենց ընկնում են զինվորականների ձեռքը, նրանք պոտենցիալ կարող են կիրառել Ուկրաինայի այդ շրջանում, և դա միայն կհանգեցնի ապակայունացման, դա չի նպաստում ներուկրաինական խնդիրների կարգավորմանը»։
Գերմանիայի արտգործնախարարությունը Ուկրաինայի արևելքի հակամարտ կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը։
«Մեզ անհանգստացնում է Ուկրաինայի արևելքում մարտական գործողությունների ուժգնացումը և Ուկրաինայի գլխավոր շտաբի հաղորդագրությունը «Բայրաքթար» դրոն կիրառելու մասին՝ ի պատասխան հրետանային ռմբակոծությունների, որի հետևանքով ուկրաինացի զինվորական է զոհվել», - այսօր լրագրողներին ասել է ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեա Զասսեն։
Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ դրոնների օգտագործումը Ուկրաինայի արևելքում թույլատրված է միայն ԵԱՀԿ մոնիթորինգային հատուկ առաքելությանը, բայց դրոններ օգտագործում են բոլոր կողմերը։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ անօդաչու թռչող սարքը չի հատել շփման գիծը, այն կիրառվել է ստիպելու հակառակորդին դադարեցնել կրակը։ «Բայրաքթարի» առաջին հարվածի մասին ուկրաինական կողմի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է անօդաչու թռչող սարքը թիրախավորում հրետանին, մի մարդ վազելով փախչում է թնդանոթի մոտից, վայրկյաններ անց հրետանաին ոչնչացվում է, պայթյունի պահին ևս մեկ մարդ հասցնում է փախչել։
Դոնեցկի ուժային կառույցներից ռուսական «Ինտերֆաքսին» ասել են, որ «Բայրաքթարը» հարվածել է Գրանիտնոե ավանի մոտ տեղակայված հրետանային մարտկոցին, ճշգրիտ հարված է հասցվել, զոհեր կամ տուժածներ չկան։
Ուկրաինայի արևելքում իրավիճակը երեկվանից է սրվել․ «Արևելք» խմբավորման օպերատիվ հրամանատարությունը հաղորդել է, որ ռուսամետ անջատականների կրակոցներից ուկրաինացի մեկ զինվորական է զոհվել, ևս մեկը վիրավորվել է։
Ռուսամետ անջատականներն իրենց հերթին հաղորդում են, որ նախօրեին ուկրաինական կողմը բոլոր ուղղություններով ամբողջ օրվա ընթացքում գնդակոծել է տարբեր տրամաչափի զինատեսակներից։
Դոնեցկի անջատականների առաջնորդ Դենիս Պուշիլինն այսօր հայտնել է, որ ուկրաինական զորքերին հաջողվել է գրավել շփման գծում ընկած Ստարոմարինկա գյուղը, և հայտարարել, թե դա ստատուսի քվոյի խախտում է։