ՄԱԿ-ը զգուշացնում է՝ Աֆղաստանում միլիոնավոր մարդիկ կարող են սովի մատնվել

Աֆղանստանստանցիները ստացել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի՝ որպես մարդասիրական օգնություն բաշխած ցորենի պարկերը, Քանդահար, հոկտեմբեր, 2021թ․

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները զգուշացնում են, որ Աֆղանստանում միլիոնավոր մարդիկ սովի կմատնվեն, եթե հրատապ միջոցներ չձեռնարկվեն։ Կազմակերպության տվյալներով՝ շուրջ 23 միլիոն մարդ արդեն իսկ մթերքի սակավության խնդրին է բախվում, նրանցից 3,2 միլիոնը երեխաներ են։

Օգոստոսին, Աֆղանստանից ԱՄՆ զորախմբի դուրս գալուց հետո, իշխանությունը վերցրեց «Թալիբան» ծայրահեղական իսլամական շարժումը, որի իշխանությունը դեռ պաշտոնապես որևէ պետություն չի ճանաչել։ Այդ հանգամանքը զրկել է Աֆղանստանը Եվրոպայից, Համաշխարհային բանկից և Արժույթի միջազգային հիմնադրամից ստացվող օժանդակությունից, որ կազմում էին այդ երկրի ՀՆԱ 40 տոկոսը։

Աֆղանստանում պարենային և դեղամիջոցների ճգնաժամ է սկսվել, իրավիճակը վատթարացրել է նաև երաշտը։ Այս ամենի հետևանքով, ըստ ՄԱԿ-ի տվյալների, աֆղանստանցիների միայն 5 տոկոսն է օրական ստանում անհրաժեշտ քանակությամբ սնունդ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թալիբները պնդում են, որ Աֆղանստանում իրենց իշխանությունը պետք է ճանաչվի «Մեծ քսանը» մտադիր է օգնել ԱֆղանստանինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Աֆղանստանին գլոբալ օգնություն ցուցաբերելու կոչ է արել