Համայնքները իրենց տեղում են, բնակավայրերն իրենց տեղում են, ոչ մի բնակավայրի անուն չի փոխվել, ոչինչ չի փակվել, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Ընդամենը պետությունը որոշել է 30 տարի անց փոխել կառավարման մոդելը` հաշվի առնելով, որ նախկին մոդելն իրեն չի արդարացրել, նկատեց նա:
Նախարարն անդրադարձավ նաև մի շարք այլ հարցերի, այդ թվում` ՏԻՄ ընտրություններին:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.
Համայնքները խոշորացումը միայն դրական փոփոխություն կբերի` ըստ Սանոսյանի
Համայնքները իրենց տեղում են, բնակավայրերն իրենց տեղում են, ոչ մի բնակավայրի անուն չի փոխվել, ոչինչ չի փակվել, ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Ըստ նրա` ընդամենը պետությունը որոշել է 30 տարի անց փոխել կառավարման մոդելը` հաշվի առնելով, որ նախկին մոդելն իրեն չի արդարացրել:
«Բնակչին եթե բերի փոփոխություն, բերելու է դրական փոփոխություն», - պնդեց նախարարը` հավելելով, որ բնակիչը համայնքում շատ ավելի ծառայություններ պետք է ստանա, քան մինչ այս ստանում էր:
Խոշորացման վերաբերյալ ինչո՞ւ հանրային քննարկում չի արվել, հետաքրքրվել էր օգտատերերից մեկը:
«Ես չեմ հիշում Հայաստանում որևէ նման ծավալի, ռեֆորմ, ծրագիր, որն ավելի շատ տևական ժամանակահատված քննարկված լինի, կարծիքներ լսած լինենք, քան սա է: Այս պրոցեսը սկսվել է 2011 թվականից, բավականին երկար քննարկումներ անցնելուց հետո առաջին փուլն իրականացվել է դեռ 2016-2017թթ.: Այս ամբողջը հանգեցրեց ավելի մեծ փուլի խոշորացման, որի ժամանակ հաշվի առանք բոլորի կարծիքները, հնչեցված կարծիքները, առկա փորձը` թերությունները, բացասական կողմերը», - վստահեցրեց Սանոսյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԺ-ն ընդունեց համայնքների խոշորացման նախագիծն առանց ընդդիմության մասնակցության«Մեր թիմն իր առջև խնդիր չի դրել ամբողջ Հայաստանի բոլոր ընտրություններում միանշանակ հաղթել»
Իշխող կուսակցության ներկայացուցիչը, անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին ու դրանց արդյունքներին, նշեց, որ համայնքներում գնում են համամասնական ընտրակարգի, կարծում են` մի քանի ընտրություն պետք է, որ անձնավորված ընտրությունները վերածվեն քաղաքականի: «Մեր թիմն իր առջև խնդիր չի դրել ամբողջ Հայաստանի բոլոր ընտրություններում միանշանակ հաղթել: Իհարկե, քաղաքական պրոցես է, բոլոր քաղաքական ուժերն էլ մասնակցում են որոշակի հաղթանակի ակնկալիքով, բայց համարում ենք` նորմալ է, հարգում ենք մեր բնակիչների կարծիքը», - հայտարարեց Գնել Սանոսյանը:
«Քաղաքացիական պայմանագիրը» արդյո՞ք վստահությունը կորցրել է օրինակ` Գորիսում կամ Գյումրիում, կամ ընդհանրապես` հաշվի առնելով, որ այս երկու քաղաքներում պարտվել է հոկտեմբերի 17-ին կայացած ընտրություններում:
«Վստահությունը եթե կորցներ, մենք երկու տեղերում էլ բավականին մեծ քանակությամբ ձայներ ենք տարել: Գյումրիի պարագայում հաղթող չկա: Պետք է ընդունենք, որ մեր բնակիչները այդպես են քվեարկել, այդպես են որոշել և ընդունել», - ասաց Սանոսյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրիում, Գորիսում և Մեղրիում պարտություն է կրելԳյումրիում քննարկումներ են ընթանում
Հնարավո՞ր է` կոալիցիա կազմեն «Բալասանյան դաշինքի» հետ, որն ավելի շատ մանդատներ ունի, Սանոսյանն, ըստ էության, չբացառեց` այդ հարցին պատասխանելով. «Կարծում եմ` այն, ինչ հիմա կա Գյումրիում, շատ նորմալ բնական պրոցես է` որևէ ուժ չի հաղթել, 50 տոկոսից ավելի ձայն չի տարել, և բոլոր ուժերն էլ որոշակի բանակցությունների, քննարկումների մեջ են, ինչը շատ նորմալ է, այդպես էլ պետք է լիներ: Օրեր անց կհայտարարվի Գյումրու հետ կապված իրավիճակը»:
Բանախոսը նշեց` հաջորդ ընտրություններին ընդառաջ և բոլոր փուլերում քննարկումներ ունենում են, թե որտեղ են սխալվել, ինչու:
Վանաձորում, Իջևանում, նրա ներկայացմամբ, հիմնականում հայտնի են «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները, մոտ օրերս հայտնի կդառնան նրանց անունները:
Մեկ այլ օգտատիրոջ հարցին, թե ադրբեջանական ուժերը ինժեներական աշխատանքներ իրականացրել են ՀՀ տարածքում, Գեղարքունիքի նախկին մարզպետն արձագանքեց. «Ակնհայտ է, որ ամիսներ այնտեղ են, ինչ-որ բաներ արել են, միգուցե ինչ-որ փոս փորել են, նստած են այդ փոսի մեջ, միգուցե դա էլ ենք համարում ինժեներական աշխատանք»: