Գյումրիի ավագանիում կլինի 5 ուժ, «Բալասանյան դաշինքն» առավելագույն մանդատներն է ստացել

Գյումրիի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի են: Ընտրատարածքային հանձնաժողովը ներկայացրել է, թե ինչպես են բաշխվել մանդատները: Այսպես, Գյումրու ավագանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ, առավելագույն թվով մանդատներ ունի «Բալասանյան դաշինք» կուսակցությունը:

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն` 14 մանդատ (9631 քվե),

«Քաղաքացիական պայմանագիր»` 11 մանդատ (7786 քվե)

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն` 4 մանդատ (2793 քվե),

Հանրապետական կուսակցություն` 2 մանդատ (1343 քվե),

«Ապրելու երկիր» կուսակցություն` 2 մանդատ (1486 քվե):

Քանի որ քաղաքական ուժերից որևէ մեկը չի ստացել ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ուստի, ըստ Ընտրական օրենսգրքի, համայնքի ղեկավարը պետք է ընտրվի բաց քվեարկությամբ, ընդ որում, իրենց թեկնածուներին առաջադրելու հնարավորություն կունենան ավագանի անցած բոլոր ուժերը։ Համայնքի ղեկավար ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկին դա չհաջողվի, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ։