Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքում է հայաստանյան ու ռուսաստանյան լրատվամիջոցներում երեկվանից շրջանառվող տեղեկությանը, թե Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում սպասվում է Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում, որի ընթացքում կողմերը եռակողմ հայտարարություններ են ստորագրելու։
Արտաքին գերատեսչությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ, միևնույն ժամանակ, սակայն, ընդունում են՝ կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են:
«Ուզում եմ նաև ընդգծել, որ այս թեմայի շուրջ որոշ շրջանակների տարածած լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում», - գրել է ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ առանց մանրամասնելու, թե խոսքը մասնավորապես ի՞նչ շրջանակների ու ի՞նչ լուրերի մասին է։ Վահան Հունանյանը նաև հեռախոսով չցանկացավ պարզաբանել իր մեկնաբանությունը։
Ավելի վաղ էլ ռուսաստանյան կողմն էր մեկնաբանել Մոսկվայում եռակողմ հանդիպման հնարավորությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ եթե պայմանավորվածություն ձեռք բերվի, ապա ռուսական կողմն այդ մասին ժամանակին կտեղեկացնի։
Արդյոք եռակողմ փաստաթղթերի ստորագրում նախատեսվո՞ւմ է Մոսկվայում կամ կա՞ն նման քննարկումներ, հարցն այսօր վարչապետին էինք ցանկանում տալ, սակայն Փաշինյանի մամուլի քարտուղարն ու անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին մոտենալ վարչապետին։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանն էլ այսօր հրաժարվեց մեկնաբանել Փաշինյան-Ալիև-Պուտին հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը։
Սերգեյ Կոպիրկինն «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց՝ լրատվամիջոցների շահարկումներն ինքը չի մեկնաբանում:
«ՌԻԱ Նովոստի»-ն հնարավոր հանդիպման մասին տեղեկությունն այսօր հրապարակել էր՝ հղում անելով իր սեփական աղբյուրին։
Ավելի վաղ «Ալիք մեդիան» էր գրել, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: Հայաստանյան լրատվամիջոցի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ երկու փաստաթղթերը, որոնք գրեթե ավարտական տեսք են ստացել, ստորագրելու են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ։ Ընդգծվում է՝ կողմերը կստորագրեն փաստաթուղթը, եթե վերջին պահին չլինեն ֆորսմա-ժորային իրավիճակներ:
«Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները», - հայտնում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ երկրորդ փաստաթուղթն էլ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն է առնչվում։ Նշվում է, որ այդ փաստաթղթի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն է ձեռքբերվել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի վերջին հանդիպմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը քննարկել են տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները«Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ ևս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետերի մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին», - հայտնում է լրատվամիջոցը:
Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր անդրադարձել հայ-ադրբեջանական սահմանազատման խնդիրներին՝ հայտարարելով, որ առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել, ասածը բացատրել այն հանգամանքով, որ Խորհրդային Միության քարտեզները ռուսական բանակի գլխավոր շտաբում են։ Ուշագրավ է նաև Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի այս շաբաթ անցկացված հանդիպումից առաջ ու ընթացքում Բաքվից հնչող հայտարարությունը, թե Երևանից դրական ազդակներ են ստացել։ Թե ինչ էր ակնարկում ադրբեջանական կողմը, հայաստանյան իշխանություններն այդպես էլ չմեկնաբանեցին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խորհրդային քարտեզները Ռուսաստանում են՝ Վլադիմիր Պուտինը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների հստակեցման մասին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանությունները չեն մեկնաբանում, թե ինչ դրական ազդակներ է հղել Երևանը ԲաքվինԱյս լուրերի ֆոնին հայտնի դարձավ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն առաջիկայում հանրահավաք է անցկացնելու։ Ընդդիմությունը կասկածներ ունի, թե իշխանությունը տարածքներ է զիջելու Ադրբեջանին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասում է՝ իրենք ավելի վաղ էին հայտարարել փողոցային պայքարի մասին, նախքան երեք երկրների առաջնորդների հնարավոր հանդիպման մասին տեղեկությունները։
«Փողոցային պայքարի ու հանրահավաքի մասին մենք հայտարարել ենք մինչև մամուլում նյութեր սկսեցին լուրեր շրջանառվել, որ նոյեմբերի 9-ին պատրաստվում է ստորագրվել ևս մեկ կապիտուլյացիոն, ևս մեկ պարտվողական փաստաթուղթ կամ երկու պարտվողական փաստաթուղթ։ Ի դեպ, այսօր Արտգործնախարարության մամուլի խոսնակը շատ հետաքրքիր հայտարարություն է տարածել, ասել է՝ դեռևս որևէ հանդիպման մասին խոսքը չկա, այսինքն չի բացառվում, որ իր գրառումից երկու ժամ հետո հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք բերվի կամ ձեռք բերված պայմանավորվածությունը հանրայնացվի», - ասաց Խաչատրյանը։
Արտաքին գործերի նախարարությունից վերստին շեշտել են, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ադրբեջանի հետ բանակցություններ սկսել ղարաբաղյան կարգավորման շուրջ։ Գերատեսչությունից նշել են՝ եռակողմ ֆորմատով էլ քննարկել են Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերումը ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հնարավոր մեկնարկի գաղափարը, որը մինչ այս պահը կյանքի չի կոչվել: