«Ղրղըզստանը չի ուզում մուկն ու կատու խաղալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ». Ժապարով

Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի ամենամյա ասուլիսը, Բիշկեկ, 23 հոկտեմբերի, 2021թ.

Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովն այսօր տեղի ունեցած ամենամյա մամլո ասուլիսում հայտարարել է, թե ինքը մերժում է Ղրղըզստանի տարածքում ամերիկյան ռազմակայան վերաբացելու գաղափարը:

Նա ասել է, թե նման քայլը կնշանակեր խճճել հարաբերությունները Վաշինգտոնի և Ռուսաստանի հետ: Նա նշել է, որ Ղրղըզստանի տարածքում՝ Բիշքեկից 20 կիլոմետր արևելք գտնվող Կանտ ավանի մոտակայքում, արդեն գործում է ռուսների ռազմական օդակայանը:

«Մենք չենք ցանկանում մուկն ու կատու խաղալ երկու ազդեցիկ պետությունների հետ և մեր տարածքում երկու ռազմակայան տեղադրել», - ասել է Ժապարովը:

Ղրղըզստանում՝ Մանասի օդակայանում 2001-ից տեղակայվել է ամերիկյան օդային ռազմակայանը, որն օգտագործվել է Աֆղանստանում ԱՄՆ-ի առաջնորդած միջազգային կոալիցիայի ուժերի համար, սակայն 2014 թվականին Ղրղըզստանի խորհրդարանը պահանջել է դադարեցնել դրա աշխատանքը, ինչն, ըստ վերլուծաբանների, արվել է Ռուսաստանին գոհացնելու համար: