Ռուսաստանում հինգ օր շարունակ աճում է կորոնավիրուսից մահացածների թիվը

Բժիշկները Սկլիֆոսոֆսկու անվան ինստիտուտի կորոնավիրուսով հիվանդների բաժանմունքում, Մոսկվա, 21 հոկտեմբերի, 2021թ.

Ռուսաստանում անցած օրում կորոնավիրուսից մահացել է 1075 հիվանդ: Մահացածների թիվը հինգ օր շարունակ աճում է: Ընդհանուր հաշվով Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 229 հազար 528 հիվանդ:

Անցած օրում վարակվել է 37 հազար 678 մարդ: Ընդհանուր հաշվով համավարակի բռնկումից սկսած Ռուսաստանում ախտահարվել է մոտ 8 միլիոն 206 հազար մարդ: Մայրաքաղաք Մոսկվայում մեկ օրում 7 հազար 803 մարդ է վարակվել:

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի դաշնային շտաբի տվյալներով, վարակից պայմանական մահացությունը կազմում է 2,8 տոկոս: Շտաբը նշում է, որ վերջնական թիվը հնարավոր կլինի պարզել միայն համավարակի ավարտից հետո:

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը եվրոպական մի շարք երկրներից հետ է ընկնում բնակչության պատվաստման ցուցանիշով: Նա նշել է, որ «պատվաստման ցածր թիվը ռուսաստանցիների ցածր գիտակցության հետևանք է»: