«Զուլալի» ֆիլմը փաստորեն դարձավ մեր այդ հոգեկան աշխարհի արտացոլումը»․ Նարինե Աբգարյան

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնը, որտեղ երեկոյան տեղի կունենա «Զուլալի» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, արխիվ

Կինոռեժիսոր Հայկ Օրդյանը նկարահանել է «Զուլալի» գեղարվեստական ֆիլմը՝ ծնունդով տավուշցի, երկար տարիներ Մոսկվայում բնակվող և գրական առաջին իսկ փորձերից այնտեղ մեծ ձեռքբերումներ գրանցած, մի քանի հեղինակավոր ռուսական գրական մրցանակների արժանացած Նարինե Աբգարյանի համանուն նովելի հիման վրա։

Նարինե Աբգարյանի բոլոր ստեղծագործությունները, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով, այդ թվում և՝ հայերեն, պատմություններ են իր ծննդավայրի՝ Տավուշի հող ու ջրի, մարդկանց մասին։ «Զուլալի»-ն գրողի առաջին և առայժմ միակ նկարահանված ստեղծագործությունն է, և հենց այս երեկո Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ֆիլմի պրեմիերան՝ ստեղծագործական խմբի մասնակցությամբ։ Ի դեպ, «Զուլալի» ֆիլմի երաժշտության հեղինակը Տիգրան Մանսուրյանն է։

Պրեմիերայից առաջ լրագրողների համար կազմակերպվել էր ֆիլմի ցուցադրությունը, որից հետո էլ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կինոռեժիսորը և ստեղծագործական խմբի մյուս անդամները, պատասխանելով լրագրողների հարցերին, հանգամանալիորեն ներկայացրեցին ֆիլմի նկարահանումների բարդ ընթացքը, որն ի վերջո հաղթահարելով՝ այսօր ֆիլմի ներկայացնում են հանդիսատեսի դատին։

Արմատներով նույնպես տավուշցի Հայկ Օրդյանը պատմեց․ - «19 թվականի սկզբից սկսել ենք աշխատանքը՝ նախապատրաստական այդ ամբողջ աշխատանքը, 19 թվականի վերջին առաջին փուլն ենք նկարել, հետո 20 թվականին պիտի նկարահանեինք երկրորդ փուլը՝ կորոնավիրուսը եղավ, մենք սեպտեմբերին նոր մի կերպ նկարահանեցինք, հենց ավարտեցինք՝ մի շաբաթ հետո կամ տասն օր հետո պատերազմը սկսվեց․ գոնե նկարահանումները ավարտեցինք, որովհետև պատերազմի ընթացքում արդեն անհնար կլիներ։ Հետո արդեն, երբ որ ավարտվեց պատերազմը, ես, ճիշտն ասած, չէի կարողանում վերադառնալ ֆիլմին՝ բոլորս էինք երևի թե այդ իրավիճակում, ինձ ֆիլմ հետ բերեց մաեստրո Մանսուրյանը․ ինքը զանգեց մի օր, այսպես, բարկացած ինձ վրա, ասաց՝ «Հայկ, շատ արագ պիտի աշխատեն, մոնտաժն անեն, որ ես երաժշտությունը պիտի գրեմ էս ֆիլմի վրա, մենք պիտի աշխատենք, մենք չպիտի ձեռքներս ծալած նստենք, մենք պիտի աշխատենք, դա շատ կարևոր է հիմա»։

Նարինե Աբգարյանի համոզմամբ՝ ինքը շատ երջանիկ հեղինակ է․ - «Ես համարում եմ, որ իմ պատասխանատվությունը գիրքն է՝ գիրքը ես հանձնեցի, ընթերցողը կարդաց, հավանեց-չհավանեց, ես էլ՝ գլուխս չի ցավում, գլուխը հետո ցավում է ռեժիսորի, դերասանների, պրոդյուսերների, և այլն, և այլն։ Պատմության մեջ ոչ ժամանակ կա, ու տեղանքն էլ ոնց որ օդի մեջ կախված լինի՝ մի քիչ, այսպես, մոգական ռեալիզմի նման պատմություն է։ Դրա համար, ինձ թվում է, որ Հայկը շատ ճիշտ ձևով դա ընկալել է ու շատ ճիշտ ձևով դա փոխանցել է։ Ես իսկապես երջանիկ հեղինակ եմ, չէ՞, Հայկ ջան։ Ու Հայկը քանի որ ծնունդով շամշադինցի է ու շատ լավ գիտի մեր այստեղի կոլորիտը, մեղմ ասած, ինձ թվում է, շատ լավ փոխանցել է։ Դրա համար ես հերոսներիս համար չեմ հուզվում, չեմ վախենում», - ասաց գրողը։

«Ազատության» հարցին՝ նովելը ռուսերենո՞վ է գրել, Աբգարյանն արձագանքեց․ - «Այո, ես, ցավոք սրտի, հայերեն փորձեցի գրել՝ իմ մոտ չստացվեց։ Իմ գրական հայերենը շատ թույլ է, բարբառով էլ որ գրեի՝ չէիք հասկանալու։ Դրա համար ես ռուսերեն եմ գրել՝ հայերեն թարգմանում են, լավ են թարգմանում, ի միջի այլոց, շատ գոհ եմ թարգմանություններից»։

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Տավուշի գյուղերից մեկում, որտեղ բնակվող մի ընտանիքի ու համագյուղացիների կյանքի ու փոխհարաբերությունների մասին է պատմում ֆիլմը։ Հիվանդ դեռատի մի կնոջ՝ Զուլալիի, նրա որդու ու իր հարազատների ողբերգական պատմությունն է, որը սկիզբ է առնում Զուլալիի մանկության տարիներից, երբ Զուլալիի մանկական անփութության կամ անուշադրության պատճառով հրդեհի զոհ են դառնում մայրը և նորածին երկվորյակ եղբայրները։ Տեղի ունեցած ողբերգությունից ծանր հոգեկան ցնցում ստացած աղջնակը կորցնում է խոսելու ունակությունը, հոգեկան ու մտավոր հավասարակշռությունը, նրա կյանքը գլխիվայր փոխվում է մի ակնթարթում։

«Ազատության» հարցին, թե անցած տարվա պատերազմական ողբերգություններից հետո, երբ մեր հասարակությունը դեռ ուշքի չի եկել այդ ամենից, և երկիրն ու հանրությունը այսօր մեծագույն խնդիրներ ունեն լուծելու, որքանո՞վ է հիմնավորվում Զուլալիի հուզիչ պատմությունն էկրանավորելը, Նարինե Աբգարյանը պատասխանեց․ - «Մեզ հիմա ոչ մեկը չի հասկանա՝ մեր ապրումները, մեր ներքին աշխարհի վիճակը հիմա։ Երկու օր առաջ ինձ շատ հայտնի ֆոտոժուռնալիստ է գրել, որ Ռուսաստանի ինչ-որ մեծահարուստ իրեն փող է տվել, որպեսզի ինքը գա ու հետպատերազմյան Հայաստանի մասին ֆիլմ նկարահանի, ու ինքը խնդրում էր, որպեսզի ես ինչ-որ ձևով իրեն աջակցեմ։ Ես ասեցի, որ ես չեմ կարող՝ ֆիզիկապես, հոգեպես ես չեմ կարող, ինքը ասեց՝ «չէ, սպասեք, ես հո պատերազմի մասին չեմ ուզում գրեք, ես հետպատերազմյան Հայաստանի մասին եմ ուզում գրեք»։ Ես փորձում եմ իրեն բացատրել, որ հիմա Հայաստանը հետպատերազմյան չի դեռ, ինքը պատերազմի մեջ է։ Մենք դեռ երկար ճանապարհ պիտի անցնենք, որ այդ ցավը կարողանանք ինչ-որ ձևով մարսել»։

«Որքանո՞վ է Ձեր ֆիլմը տեղավորվում այդ ցավի մեջ», - այս հարցին էլ գրողն արձագանքեց․ - «Ես սրտի ցավով եմ ասում՝ այդ ֆիլմը փաստորեն դարձավ մեր այդ հոգեկան աշխարհի արտացոլումը։ Ցավոք սրտի, ցավոք սրտի․․․»։