Առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել, հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների իրավիճակի վերջնական կարգավորման հարցին։ Վլադիմիր Պուտինը բացատրել է՝ Խորհրդային Միության քարտեզները ռուսական բանակի գլխավոր շտաբում են։
«Ամենակարևորը հիմա սահմանին իրավիճակը վերջնական կարգավորելն է, և այստեղ իհարկե առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ անել հնարվոր չէ, այստեղ հավանաբար, մեզ որևէ մեկը պետք էլ չէ բացի երկու կողմերից և Ռուսաստանից: Ինչո՞ւ: Կան շատ պարզ պրագմատիկ բաներ՝ քարտեզները, դրանք գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում: Քարտեզներ են, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են անցել խորհրդային հանրապետությունների միջև սահմանները։ Այս փաստաթղթերի վրա հիմնվելով՝ պետք է հանգիստ նստել երկու կողմերի հետ, այնտեղ հարցեր կան, որոնք պահանջում են փոխզիջումներ՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հավասարեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել, բայց այնպես որ դա ճանաչվի և շահավետ լինի երկու կողմերին: Կարելի՞ է դա անել, թե ոչ: Կարելի է: Բայց, իհարկե, մենք կողմնակից ենք նաև բազմակողմ ձևաչափ գտնելուն, այդ թվում՝ Մինսկի խմբի աշխատանքներն ակտիվացնելուն, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, այդ թվում՝ մեր գործընկերների հետ», - նշել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը շարունակել է, որ ամեն դեպքում կարևորը գլխավոր նպատակին հասնելն է, որն անվտանգ իրավիճակի ստեղծումն ու հետագայում հարաբերությունների կառուցումն է՝ դրական հեռանկարով:
«Եվ, իհարկե, անհրաժեշտ է ապագային նայել, տեսնել, թե ինչ կլինի: Չէ՞ որ խնդիրը այն չէ, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կետի համաձայն դիտարկվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայության ժամկետի երկարաձգումը: Մի՞թե այդտեղ է հարցը, խնդիրը երկու երկրների միջև հարաբերություններ հաստատելն է, դա է գլխավորը: Եվ հույս ունեմ, որ մեզ կհաջողվի անել դա», - ընդգծել է Վլադիմիր Պուտինը։
«Վալդայ» ակումբում քննարկման ժամանակ Պուտինին հարց հնչեց Հարավային Կովկասի երկրների ու նրանց հարևանների համագործակցության առայժմ չգործող 3+3 ձևաչափի մասին, Ռուսաստանի նախագահը պատասխանելիս սակայն կենտրոնացավ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների վրա։ Նա նշեց, որ թեև հաջողվել է կանգնեցնել արյունահեղությունը, բայց կա հարցի մեկ այլ կարևոր կողմ՝ տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար պայմաններ ստեղծելը։ Ըստ Պուտինի՝ դրա համար 2 կողմերը պետք է գնահատեն խաղաղ համակեցության առավելությունը: Ադրբեջանը շահագրգռված է, որ կարողանա կապ ունենալ Նախիջևանի հետ, ապաշրջափակվեն կոմունիկացիաները, իսկ Հայաստանն իր շահերն ունի։
«Հայաստանի առջև եղած առաջնային հարցերից է կոմունիկացիաների ապասառեցումը, արդյունավետ տնտեսական կյանքի ու տարածաշրջանային համագործակցության հաստատումը, այդ թվում՝ անգամ Ադրբեջանի հետ՝ ապագայում: Սկզբունքորեն Հայաստանն այս ամենով շահագրգռված է: Ապասառեցնել հարաբերությունները Թուրքիայի հետ, դրանց տալ ժամանակակից բնույթ», - նշել է Վլադիմիր Պուտինը։
Ամիսներ առաջ՝ այս տարվա մայիսին, Հայաստանի վարչապետն առաջարկ էր հնչեցրել Ռուսաստանին և միջազգային հանրությանը հայ-ադբեջանական սահմանների ճշգրտման մասին՝ վիճելի սահմանագծի երկայնքով տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող և սկսել վեճերի դիվանագիտական հանգուցալուծման գործընթաց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն առաջարկում է սահմանին տեղակայել միջազգային դիտորդներ
«Տվյալ դեպքում կրկին իմ պատկերացումն այն է, որ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող դիտորդներ պետք է ներգրավված լինեն ու այս գործընթացը պետք է տեղի ունենա Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության ներքո: Եվ սա կարող է համարվել, կարող ենք համարել պաշտոնական առաջարկ՝ ուղղված Ռուսաստանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և իհարկե նաև Ադրբեջանին: Այնպես որ, ես հույս ունեմ, որ այս առաջարկը կընդունվի», - նշել է Փաշինյանը։
Պուտինի հայտարարությանը Հայաստանից առայժմ որևէ պաշտոնական արձագանք չկա
Հայաստանի սահմանային իրավիճակի կարգավորման մասին Պուտինի հայտարարությանը Հայաստանից առայժմ որևէ պաշտոնական արձագանք չկա։
«Ազատությունն» այսօր փորձեց մեկնաբանություն ստանալ արտգործնախարարության խոսնակից, ապա ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։ Հանձնաժողովի իշխանական պատգամավորների ողջ կազմից մեզ հաջողվեց կապ հաստատել միայն Գուրգեն Արսենյանի հետ։ Հետաքրքրվեցինք՝ արդյոք պատգամավոր կիսո՞ւմ է Վլադիմիր Պուտինի տեսակետը, որ սահմանազատման հարցում Ռուսաստանից բացի այլ միջնորդի կարիք չկա՝ չնայած Հայաստանի վարչապետի մայիսի առաջարկին։
«Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից հնչեցված պլանի կամ մտքերի արձագանքողը եղել է Ռուսաստանի Դաշնությունը, որևէ այլ առաջարկ մասնակցության՝ սահմանների ճշգրտման պրոցեսին, չի հնչել», - ընդգծեց Արսենյանը։
«Ազատության» դիտարկմանը, որ Եվրամիությունը ևս հայտարարել էր, որ պատրաստ է սահմանային դելիմիտացիայի առումով օժանդակություն տրամադրել, պատգամավորը պատասխանեց. «Ռուսաստանի Դաշնության կողմից առաջարկված գործողությունների հիմքում ընկած է նաև այն հանգամանքը, որ ինքը հնչեցնում է, որ ես ունեմ փաստաթղթային բազա։ Օգնության բովանդակությունն է ավելի կարևոր»։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ պատգամավորի կարծիքով՝ այժմ Հայաստանը պետք է դիտարկի, թե գործընկերների՝ միջնորդական առաջարկներից որն է ավելի հարմար և այդպես շարժվի առաջ. «Որն է ամենաարդյունավետը, որն է ամենաընդունելին, որն է ամենաօբյեկտիվը, շատ կարևոր բան է սա, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ ամենակարևոր խնդիրը նաև այն է, որ հասարակությունն օբյեկտիվորեն ընդունում է այս սահմանագծման պրոցեսն ու սահմանազատման աշխարհագրական կոորդինատները։ Երկարատև, մասնագիտական աշխատանք պետք է լինի, որը հետագայում պետք է ներկայացվի հանրությանը՝ իր բոլոր հիմնավորումներով ու բացատրություններով»։
Այս պահին սահմանազատման՝ եղած գործընթացի վերաբերյալ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնաբանություններ հանրությանը ընդհանուր առմամբ չեն տալիս։
«Վալդայ» ակումբում Պուտինի հետ քննարկմանը ներկա է եղել նաև Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նրա կարծիքով՝ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը միանշանակ էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերում Ռուսաստանից բացի որևէ այլ երկրի ներգրավումը տեղին չէ, սակայն Ղարաբաղի հարցում Ռուսաստանը կշարունակի աջակցել Մինսկի խմբին։
«Ես ենթադրում եմ, որ տեղի է ունենում թեմաների բաժանում. մի կողմից Ղարաբաղի կոնֆլիկտ և մյուս կողմից Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին կայունություն դելիմիտացիայի շուրջ բանակցությունների միջոցով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իսկանդարյանը։