Սաակաշվիլին պատրաստ է գնալ հիվանդանոց

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ռուսթավիի բանտում, 21-ը հոկտեմբերի, 2021թ․

Ռուսթավի քաղաքի բանտում հոկտեմբերի 1-ից հացադուլ հայտարարած Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համաձայնել է հոսպիտալացվել։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն։

«Միխեիլ Սահակաշվիլին պատրաստ է գնալ հիվանդանոց: Դա տեղի չի ունենա այսօր կամ վաղը, գուցե շաբաթ կամ կիրակի, հստակ չգիտեմ: Մենք պետք է լուծենք մանր հարցերը առողջապահության և արդարադատության նախարարությունների հետ», - ասել է Կիպշիձեն:

Բժիշկը բանտում այցելել է երկրի նախկին ղեկավարին։ «Հոսպիտալացումը չի նշանակում, որ նախագահը կդադարեցնի հացադուլը։ Ոչ մի դեպքում, նա կշարունակի քաղցած մնալ», - վստահեցրել է Կիպշիձեն։

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ Սաակաշվիլին պատրաստվում է տեղափոխվել բանտային հիվանդանոց, որը կարող է սպասարկել հացադուլի մեջ գտնվող բանտարկյալների։

Վրաստանի առողջապահության նախարարությանը կից ստեղծված բժիշկների խորհուրդը երեքշաբթի օրն այցելել էր Սաակաշվիլիին և խորհուրդ տվել նրան հոսպիտալացնել՝ կանխարգելման նպատակով:

Վրաստանի երրորդ նախագահը ութնամյա բացակայությունից հետո հայրենիք վերադարձավ հոկտեմբերի 1-ին և նույն օրը ձերբակալվեց։