Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերը:
Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, Նյու Յորքում տեղի ունեցած հնգակողմ հանդիպմանը, շեշտել խաղաղ բանակցությունների վերսկսման կարևորությունը։ Զրուցակիցները ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, և շեշտել է վերջիններիս անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:
Միրզոյանը և Կլաարը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովի աշխատանքների շուրջ։
Տոյվո Կլաարն այսօր հանդիպում է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։