Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարց այս պահին մեր օրակարգում չկա, այսօր հայտարարեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը այն բանից հետո, երբ օրեր առաջ Ռուսաստանի արտգործնախարարը խոսել էր Հայաստանի նման հետաքրքրության մասին։
«Նման հարց օրակարգում չկա, այս պահին որևիցե քննարկում՝ ո՛չ Հայաստանում ռուսական դպրոց բացելու, ո՛չ Ռուսաստանում հայկական դպրոց բացելու», - նշեց Դումանյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդման նախաձեռնության նկատմամբ․ ԼավրովՄինչդեռ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը «Ռուսական աշխարհն ու ժամանակակից մարտահրավերները» թեմայով քննարկմանը հստակ հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները հետաքրքրված են երկրում ռուսական դպրոցների բացմամբ։
«Այդ թվում Վալենտինա Մատվիենկոյի [Ռուսաստանի Դաշնային խորհրդի ղեկավար] նախաձեռնությամբ Տաջիկստանում ստեղծվում են ռուսական հինգ դպրոցներ՝ մեր մեթոդաբանության հիման վրա ստեղծված ուսուցման ամբողջական ծրագրով։ Այժմ նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջերս հայաստանյան նոր ղեկավարությունը հետաքրքրություն ցուցաբերեց Հայաստանի համար նույն ծրագիրը պատրաստելու հարցում», - ըստ РИА Новости լրատվական գործակալության, հոկտեմբերի 15-ին հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարարը՝ ելույթ ունենալով արտերկրում ապրող ռուս հայրենակիցների 7-րդ համաշխարհային կոնգրեսում։
Դումանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց՝ միգուցե Սերգեյ Լավրովը խոսել է որոշ ծրագրերի, ոչ թե դպրոց բացելու մասին։
«Արտգործնախարարը, մասնավորապես, ասել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստվում է ռուսական դպրոց բացել, ես նման լուր չեմ կարդացել ուղղակի որևէ տեղ։ Նախարարությունը պարոն Լավրովի հետ որևիցե շփում չի ունեցել։ Իրոք, ցանկացած ծրագիր արժանի է ուշադրության հասկանալու համար, թե ինչի մասին է գնում խոսքը, եկեք ծանոթանանք, հասկանանք», - ասաց ԿԳՄՍ նախարարը։
Այնուամենայնիվ, կրթության նախարարի խոսքով՝ խնդիր ունեն ուժեղացնելու ռուսերենի և մյուս օտար լեզուների ուսուցումը դպրոցներում, ինչի շուրջ այժմ փորձում են աշխատանքներ տանել։
«Որքան շատ լեզու իմանանք, այնքան մենք ավելի ճկուն կլինենք, ավելի ինֆորմացված կլինենք, ավելի ազատ կլինենք։ Ի վերջո մենք կաղապարված չենք մեր սահմաններով, մենք 21-րդ դարում շփումների կարիք ունենք և անհրաժեշտություն։ Լեզու իմանալը մեզ միայն ավելի հնարավորություններ է տալու, հատկապես, որ ռազմավարական գործընկեր ենք Ռուսաստանի հետ», - ընդգծեց Դումանյանը։
Հայաստանում այժմ կա հինգ ռուսական դպրոց, որոնք գործում են ռուսական զորամիավորումների համար, բայց այդ մի շարք դպրոցներում կան ռուսական դասարաններ՝ Ռուսաստանի քաղաքացի կամ այնտեղ ապրած Հայաստան վերադարձած աշակերտների համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանությունները լռում են Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու Լավրովի հայտարարությունից հետո