ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտնել է Եվրոպական միության պատրաստակամությունը օժանդակել տարածաշրջանում վստահության և երկխոսության մթնոլորտի հաստատման գործընթացին։
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին և տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի՝ զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերսկսումը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն հանձնառու է խորացնելու գործընկերությունը Հայաստանի հետ:
Հայաստանի վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգի շուրջ: Քննարկվել են տարբեր ձևաչափերով, ներառյալ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում փոխգործակցության խթանման հեռանկարները:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը հոկտեմբերի 19-ին էլ Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։