Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 603-ով՝ հասնելով 288 հազար 906-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 32 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 827-ով և հասել 257 հազար 352-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 14 հազար 928 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 940 հազար 194-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 902-ի, ևս 1243 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 24 հազար 409 մարդ։
Արցախում՝ 46 նոր դեպք
Արցախում հոկտեմբերի 20-ին կատարվել է 210 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք, այդ թվում՝ երեխաներ:
Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 96 վարակակիր, 15 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 38-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում 2021-ի ընթացքում իրականացվել է 15 հազար106 քաղաքացու հետազոտություն, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1481 դեպք։