Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկում պահվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին այցելած բժիշկների համոզմամբ, նրան պետք է ստուգումների համար անհապաղ փոխադրել հիվանդանոց: Սաակաշվիլին կալանավորման օրվանից՝ հոկտեմբերի 1-ից հացադուլի մեջ է:
Բժիշկներից մեկը՝ Զուրաբ Պագավան, ասել է, թե իրենք այդ պահանջի մասին հայտնել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմին:
«Սաակաշվիլիի առողջական վիճակը ցանկացած պահին կարող է կտրուկ վատթարանալ»,- ասել է Պագավան:
Բուժզննումը տևել է մոտ 4 ժամ, ինչից հետո բժիշկները կազմել են գրավոր եզրակացություն, որը փոխանցվել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեին: 53-ամյա Սաակաշվիլիին այցելած վեց բժիշկների թվում էր նաև նրա անձնական թերապևտ Նիկոլոզ Կիպշիձեն: Նրա փոխանցմամբ, երրորդ նախագահին հիվանդանոց կփոխադրեն, հավանաբար, հոկտեմբերի 23-ին կամ 24-ին:
Կիպշիձեի խոսքով, Սաակաշվիլիի առողջական վիճակը տվյալ պահին մտահոգության առիթ չի տալիս, սակայն մոտ 20 օր սնունդ չընդունող մարդու օրգանիզմում հնարավոր են արագ և անսպասելի փոփոխություններ, ուստի նա պարտավոր է գտնվել մասնագետների մշտական հսկողության տակ:
Կիպշիձեն նշել է, որ Սաակաշվիլին ունի գենետիկական խանգարումների հետևանքով առաջացած արյան խնդիր, ինչն էլ ավելի է բարդացնում վիճակը:
Այստեղ ի հայտ է եկել իրավական հանգամանք՝ Վրաստանի օրենքների համաձայն, անձին կարելի է առանց նրա համաձայնության փոխադրել հիվանդանոց միայն այն դեպքում, եթե բուժօգնության կարիք ունեցողն անգիտակից վիճակում է, և առկա է անմիջական լուրջ սպառնալիք նրա կյանքին:
Սաակաշվիլին պատրաստ է «զոհվել հանուն իր արդար գործի»
Սաակաշվիլիի փաստաբան Դիտո Սաձագլիշվիլին այսօր հրապարակել է իր պաշտպանյալի նամակը, որը հասցեագրված է մամուլին և հանրությանը: Սաակաշվիլին նամակում հայտնում է, թե պատրաստ է զոհվել հանուն իր արդար գործի:
«Այնուամենայնիվ ես ուզում եմ մինչև վերջ պահպանել գիտակցությունս և աշխատելու կարողությունս, ուստի ես տալիս եմ իմ համաձայնությունը բժշկական միջամտությանը, այն պետք է ապահովի, որ ուշքս տեղը լինի, և ես թեկուզ սահմանափակ չափով կարողանամ մասնակցել ընթացող զարգացումներին»,- ասվում է Սաակաշվիլիի նամակում:
Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ասել է, թե «իշխանության միակ ցանկությունն է, որ Սաակաշվիլիի իրավունքները չոտնահարվեն, և նա լինի առողջական բարվոք վիճակում»:
Սաակաշվիլիին ձերբակալել են Թբիլիսիում երկրում ՏԻՄ ընտրությունների նախօրեին՝ հոկտեմբերի 1-ին:
Նա վերադարձել էր Վրաստան՝ կոչ անելով մարդկանց տեղական ընտրություններում սատարել ընդդիմությանը, սակայն նրա առաջնորդած «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը հոկտեմբերի 2-ին պարտվել է իշխող «Վրացական երազանքին»:
Կուսակցության լիդեր Նիկա Մելիան հոկտեմբերի 30-ին նախատեսված երկրորդ փուլում կպայքարի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար, սակայն, ըստ վերլուծաբանների, դժվար թե հաղթի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլին առնվազն վեց տարի կմնա բանտում, հայտարարում է Ղարիբաշվիլին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում 4-րդ անձն է ձերբակալվել Սաակաշվիլիի կողմից պետական սահմանը հատելու գործովՍաակաշվիլիի կալանավորումը մեծ աղմուկ է բարձրացրել և քաղաքական ճգնաժամ է առաջացրել Վրաստանում:
Հոկտեմբերի 18-ին շուրջ 7 տասնյակ եվրոպացի գործող և պաշտոնաթող պետական և քաղաքական լիդերներ, այդ թվում` Լատվիայի և Ուկրաինայի նախկին նախագահներ Վալդիս Զատլերսն ու Վիկտոր Յուշչենկոն, Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտը Եվրոպական խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին և Եվրախորհրդարանին դիմել են բաց նամակով, որում ասվում է, թե Սաակաշվիլիին պետք է անհապաղ ազատ արձակել:
Վրաստանի երրորդ նախագահը հայրենիքում տարբեր գործերով հեռակա կարգով դատապարտվել է երկարատև ազատազրկման:
Իշխանությունը բազմիցս նախազգուշացրել է, որ կձերբակալի Սաակաշվիլիին, եթե նա փորձի վերադառնալ:
Ըստ իշխանության, Սաակաշվիլին վերադարձել է միայն մեկ նպատակով՝ սրել իրավիճակը, պառակտումներ տարածել և հնարավորության դեպքում հեղաշրջում իրականացնել, սակայն այդ ծրագիրը ձախողվել է, քանի որ հանրությունը ՏԻՄ ընտրություններում միանշանակ սատարել է «Վրացական երազանքին»: