Ողբերգական ավտովթարի հետևանքով 5 ուղևոր մահացել է, տուժածներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է

Լուսանկարը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության

Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով հինգ քաղաքացի զոհվել է, 13-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Վաղ առավոտյան մարդատար «Գազել»-ն այս հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, զոհերի թվում է նաև վարորդը։

Արմենուհի Դավթյանն էլ է եղել վթարված «Գազել»-ում։ Ժամեր անց վերադարձել է դեպքի վայր ու փորձում է ողբերգության մանրամասները հիշել։

46-ամյա կինը մի քանի վնասվածք է ստացել՝ ուսը, թևը, ողնաշարն է վնասել. - «Չգիտեմ՝ արագությունը գերազանցեց, թե ինչ արեց, ավտոյի ձայնն եմ լսել ես, մենակ հիշում եմ, որ ավտոյի ձայն եկավ ու հետևից գլխիս հարվածեցին ինչ-որ ծանր բանով։ Մենակ տեսա, որ դուրս թռա սիդելնիկով, ընկա այդտեղ»։

Հիվանդանոցում բուժօգնություն ստանալուց հետո Գյումրի է վերադառնում։ Ասաց՝ վթարված «Գազել»-ը երթուղային չի եղել, ուղևորները օրավարձով աշխատողներ են եղել։ Գյումրիից Արագածոտնի մարզի Օհանավան գյուղ էին մեկնում խնձոր հավաքելու։ «Գազել»-ն իրենց գործատուն է վարձել։ Տուժած ուղևորը գործատուի մասին մանրամասներ չհայտնեց։

Տուժածներից տասին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վեցը վերակենդանացման բաժանմունքում են։ Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանն ասաց՝ նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։

«6-ից երեքը ծայրահեղ ծանր են, որոնցից երկուսը վիրահատվել են, բոլորի վնասվածքները հիմնականում պոլիօրգան վնասվածքներ են և տրավմաներ են գանգուղեղային, ներքին արյունահոսություններ, կրծքավանդակ, թոքերի սալջարդ և այլն։ Վիրահատվածը գանգուղեղային տրավմայով հիվանդ է հեմատոմայի հետ կապված և ներքին արյունահոսության հետ կապված մեկ այլ երիտասարդ», - ներկայացրեց Կուրղինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևան-Գյումրի ճանապարհին «Գազելը» կողաշրջվել է, կա 5 զոհ


Իրավապահները մահացածների ինքնության մասին տեղեկություններ չեն հայտնում։ Բժիշկն ասաց՝ իրենց մոտ տեղափոխվածները միջին տարիքի են, նրանցից հինգը կին է, վերակենդանացման բաժանմունքում գտնվողներից մեկն էլ 16 տարեկան է։

«Չորս հիվանդ ամբուլատոր պայմաններում, մեր ընդունարանում ստացել է առաջին բուժօգնություն, և երեքը, ինչպես նոր իմացանք, արդեն ուղարկվել են՝ ըստ բնակության վայրի, մեկը դեռ հետազոտման փուլում է» - ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրենը։

«Ազատությանը» արգելեցին նկարահանումներ անել վերակենդանացման բաժանմունքում, խոսել տուժածների հետ։

Աշոտ Սահակյանի կինն ու քույրն են «Գազել»-ում եղել, քույրը մահացել, կինը՝ վերակենդանացման բաժանմունքում է. - «Շուշանիկ Սահակյանն էլ մահացած է, Աշտարակի մորգում է, գնամ ի՞նչ պատասխան տամ»։

Ըստ իրավապահ կառույցների՝ ավտովթարի պատճառն այն է, որ ճանապարհի շրջադարձային այդ հատվածում իրականացվող «Հյուսիս-հարավ» ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն պահպանվել անվտանգության կանոնները։

«Հյուսիս-Հարավ» ճանապարհաշինական ծրագրով նոր կառուցված ճանապարհը որոշակի կորություններով միանում է դեռևս չնորոգված ճանապարհահատվածին: Չնայած տրանսպորտային երթևեկությունն ակնհայտորեն բարդացնող այդ գործոնին՝ դեպքի վայրում բացակայել են երթևեկության՝ սահմանափակող և նախազգուշացնող նշանները, պահպանված չեն եղել ճանապարհաշինարարական համապատասխան նորմերը։ Հայտնում են դատախազությունից։ Մեքենայում նախատեսվածից ավելի ուղևորներ են եղել։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ըստ դատախազության, քրեական գործի շրջանակում իրավական գնահատականներ են տրվելու ոչ միայն տրանսպորտային միջոց վարելու, այլ նաև իրավասու շրջանակների կողմից երթևեկության անվտանգության ճանապարհաշինարարական նորմերն ու պահանջները պահպանելու պարտականությունների կատարմանը:

Մեկ ամիս առաջ նույն մեքենան Գյումրու ներհամայնքային երթուղին է սպասարկել։ Գուցե անսարքության պատճառո՞վ է շահագործումից հանվել, Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը վստահեցնում է, թե մեկ ամիս առաջ մեքենան սարքին է եղել։