Ագարակի բնակիչների խոսքով՝ Փելա սարի վրա ադրբեջանական դիրքերը հայտնվել են անցած տարվա դեկտեմբերից

Չնայած Սյունիքի մարզից եկող պաշտոնապես չհաստատված լուրերին, թե սահմանին գտնվող Փելա սարն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, «Ազատության» տեսախցիկն այսօր սարի գագաթին արձանագրեց ինչպես Ադրբեջանի ու Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի դրոշները։

Ամենամոտ գյուղից՝ Ագարակից, որտեղ հնարավոր էր նկարահանումներ իրականացնել, հստակ չէր երևում՝ արդյոք սարի վրա կային զինծառայողներ կամ ինչ հեռավորության վրա էին տեղակայված երեք երկրների դրոշները։

Փելա սարից շուրջ երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղում ասում էին՝ սարի վրա ադրբեջանական դիրքերը հայտնվել են անցած տարվա դեկտեմբերից։ Դրանից հետո դիրքային փոփոխություն եղել է, թե ոչ՝ չգիտեն՝ հեռավորության վրա չեն տեսնում։ Բայց վստահ ասում են՝ այս ամիսների ընթացքում միջադեպերի ականատես չեն եղել։

«Դե կրակոցները, մեկ էլ տեսնում ես, հա, կրակում են, բայց դե մեզ վրա չի էլի, ինչ իմանաս ինչի են կրակում», - ասաց գյուղի բնակիչներից մեկը։

«Մտավախությունը միշտ էլ կա, եկել են մտել քթներիս տակ, լավ կլինի էլի, որ անվտանգությունը ապահով լինի, որ ասեմ ձայն եմ լսել, ինչ-որ մի կրակոց, ինչ-որ փոփոխություն.... ոնց կա տենց ա, դեկտեմբերի 25-ին, երեք ամիս ա մենք պոստերն էինք, էդ պոստերը եկան մեզ փոխեցին, հանձնեցինք, եկանք, մինչև այսօր ես ձեն չեմ լսել», - նշեց մեկ այլ բնակիչ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԱԾ-ն պնդում է, որ Սյունիքի մարզի Փելա սարը հայկական հսկողության տակ է


Ազգային անվտանգության ծառայությունը Փելա սարի հատվածում ադրբեջանական ուժերի առաջխաղացման մասին Կապանի համայնքապետի և սյունեցի ընդդիմադիր պատգամավորի պնդումներից օրեր անց միայն հայտարարություն տարածեց՝ պնդելով, թե «Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում»։

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն ավելի վաղ տեղական հեռուստաընկերությանը ասել էր, թե սարը դեռ դեկտեմբերին է զիջվել, և այս ընթացքում տեղում հսկողություն են իրականացրել ռուս սահմանապահները։ Բայց օրերս, ըստ քաղաքապետի՝ իր համար անհայտ պատճառներով, ռուսներն իջել են ռազմավարական բարձունքից, և վերահսկողությունն անցել է Ադրբեջանին։

«Կարևոր բարձունք և ստրատեգիական նշանակություն ունեցող հատված էր մեր համար, հիմա ռուսների բացակայության պատճառով ամբողջովին այս հատվածն անցավ ադրբեջանցիների վերահսկողության ներքո», - նշել է Փարսյանը։

Այսօր արդեն քաղաքապետը հրաժարվեց հարցազրույցից, նրա խոսնակը փոխանցեց, որ Փարսյանը ծանրաբեռնված է հանդիպումներով և «Ազատությանը» ժամանակ տրամադրել չի կարող։

Ըստ բնակիչների՝ ադրբեջանական վերահսկողության տակ է Փելա սարի մյուս կողմը, որտեղով էլ անցնում էր Ագարակը և հարակից մի քանի գյուղեր Կապանին կապող հիմնական ճանապարհը։ Նրանք այդ ճանապարհից չեն օգտվում դեկտեմբերից, երբ ադրբեջանական ուժերը հաստատվեցին բնակավայրերի մերձակայքում։ Կա ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքը շրջանցող այլընտրանքային ճանապարհ, որը և՛ ավելի երկար է, և՛ ավելի վատ որակի, սակայն, այն, ըստ ագարակցիների, այժմ վերանորոգվում է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պաշտպանության փոխնախարարն ու իշխանականները չեն արձագանքում հայ-ադրբեջանական սահմանից եկող լուրերին

Փելա սարի մասին Ազգային անվտանգության ծառայության հակիրճ հայտարարությունից բացի որևէ այլ պաշտոնական պարզաբանում չի հնչել։ Երեկ պաշտպանության փոխնախարարն ասել էր, թե զինվորական դիրքերի մասին հարցերը պետական գաղտնիք են համարվում և հրաժարվել էր մեկնաբանությունից։