Եվրոպական և հարավամերիկյան մի շարք երկրների ֆուտբոլային ֆեդերացիաները ծայրաստիճան բացասաբար են վերաբերվում Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ղեկավարության՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չորսի փոխարեն երկու տարին մեկ անցկացնելու գաղափարին։ ՖԻՖԱ-ն այսօր նիստ է գումարում, որի օրակարգում վիճահարույց այդ հարցի քննարկումն է։
Նիստից առաջ իսպանական Լա Լիգայի ղեկավար Խավիեր Թեբասը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի ղեկավար Ջաննի Ինֆանտինոյի այդ նախաձեռնությունը «ճակատագրական սխալ» կլինի, որը կարող է ոչնչացնել «ժամանակակից ֆուտբոլի էկոհամակարգը»:
Իր հերթին, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության՝ ՈՒԵՖԱ-ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը սպառնացել է բոյկոտել նման մրցաշարը։