Ամերիկացի իրավապահները խուզարկել են ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկայի տները

ԱՄՆ իրավապահներն այցելել են ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկայի առանձնատուն, Վաշինգտոն, 19-ը հոկտեմբերի, 2021թ.

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ, FBI) աշխատակիցները երեքշաբթի օրը Վաշինգտոնում և Նյու Յորքում խուզարկություններ են անցկացրել շքեղ առանձնատներում, որոնք, ենթադրաբար, պատկանում են ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկային:

Հետաքննությունների դաշնային բյուրոն հրաժարվել է տեղեկություններ հայտնել խուզարկությունների պատճառի մասին, նշելով միայն, որ իրականացված գործողությունների վերաբերյալ կա պատկան դատարանների պաշտոնական թույլտվությունը:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների դաշնային իշխանությունը Դերիպասկայի նկատմամբ հետաքննություն է վարում:

Ռուսաստանցի օլիգարխի ներկայացուցիչ Լարիսա Բելյաևան ասել է, որ խուզարկված առանձնատները պատկանում են ոչ թե Դերիպասկային, այլ նրա ազգականներին, իսկ խուզարկություններն առնչություն ունեն ոչ թե քրեական գործերի, այլ պատժամիջոցների հետ:

Ըստ ականատեսների, խուզարկված տներից ամերիկացի իրավապահները դուրս են հանել ինչ-որ իրեր, որոնք տեղավորել են մոտակայքում կայանված մեքենայի մեջ: