Խորհրդակցության արդյունքում Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջությունը վերահսկող բժիշկները որոշում են կայացրել նրա կանխարգելիչ հոսպիտալացման մասին: Այս մասին հայտարարել է Սաակաշվիլիի բժիշկներից Նիկոլոզ Կիպշիձեն:
Հայտնի է, որ Արդարադատության նախարարությունն արդեն համաձայնել է նման միջոցին: Կիպշիձեն ասել է, որ այսօր կհանդիպի երրորդ նախագահի հետ։ «Միայն այն դեպքում, եթե նա համաձայնի, հնարավոր կլինի նրան տեղափոխել կլինիկա», - ընդգծել է բժիշկը։
Դե իսկ իշխանությունները հայտարարել են, որ մտադիր չեն զիջումների գնալ և ազատել Սաակաշվիլիին, ու նա պետք է ամբողջությամբ կրի պատիժը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլին առնվազն վեց տարի կմնա բանտում, հայտարարում է Ղարիբաշվիլին
Վրաստանի երրորդ նախագահը ութնամյա դադարից հետո հայրենիք է վերադարձել հոկտեմբերի 1-ին, նույն օրը ձերբակալվել է։ Սաակաշվիլին բանտում հացադուլ է հայտարարել, ահազանգեր են հնչում նրա առողջական վիճակի վատթարացման մասին։