Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լոյդ Օսթինն այսօր ժամանել է Վրաստան, որտեղ Թբիլիսիի միջազգային օդակայանում նրան դիմավորել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն:
Օսթինի Թվիթերի միկրոբլոգում առավոտյան հրապարակվել է հետևյալ հայտարարությունը. «Շնորհակալություն նախարար Բուրչուլաձեին պաշտպանության նախարարի պաշտոնում Վրաստան կատարած իմ առաջին այցի ընթացքում նման ջերմ ընդունելության համար: Միացյալ Նահանգները Վրաստանը համարում է ռազմավարական գործընկեր, և մեր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը անդրդվելի է»:
Օսթինը և Բուրչուլաձեն դեմ առ դեմ հանդիպումից հետո պաշտպանության նախարարության շենքում կնքել են Փոխըմբռնման հուշագիր Վրաստանի պաշտպանության ամրապնդման նախաձեռնության վերաբերյալ:
«Այս նախաձեռնությունը նշում է անվտանգության հարցում մեր երկկողմ համագործակցության նոր փուլը և ցույց է տալիս Վրաստանին աջակցելու ԱՄՆ հանձնառությունը»,- հայտարարել է Օսթինը:
Այդ նախաձեռնությունն ունի երկու բաղադրիչ՝ աջակցություն Վրաստանին պաշտպանական գերատեսչության ինստիտուցիոնալ ամրապնդմանը և վրացական բանակի զարգացում բրիգադների մակարդակով համատեղ վրաց-ամերիկյան զորավարժանքներ անցկացնելու եղանակով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը մտադիր է օգնել Թբիլիսիին՝ ընդլայնելու պաշտպանական հնարավորություններըՎրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանն, ով օդակայանում ԱՄՆ պաշտպանության նախարարին դիմավորողների թվում էր, ասել է, թե Օսթինը Թբիլիսիում կքննարկի Վրաստանի պաշտպանական կարողությունների հզորացմանը նպաստելու հնարավորությունը:
Վերլուծաբանների փոխանցմամբ, Օսթինի այցի նպատակն է հավաստել Ամերիկայի աջակցությունը Վրաստանին՝ Սև ծովի կարևորագույն տարածաշրջանում Ռուսաստանի ագրեսիվ և ապակառուցողական քայլերի ենթատեքստում:
Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպումներից հետո նախարար Օստինը մեկնել է Վրաստանի վարչապետի նստավայր, որտեղ նրան ընդունել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Զրույցից հետո ԱՄՆ պաշտպանության նախարաը հայտարարել է.- «Մեյ հանգամանք ուզում եմ ընդգծել՝ Միացյալ Նահանգները միանշանակ և առանց վերապահումների դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների շարունակվող գրավումը և Սև ծովի տարածաշրջանում ռազմական ճնշումներով և չարամիտ գործողություններով ազդեցության ամրապնդմանն ուղղված ակտիվությունը: Սա կարևոր տարածաշրջան է, որի անվտանգությունն ու կայունությունը վճռական նշանակություն ունեն ամբողջաական, ազատ և խաղաղ Եվրոպայի տեսալականն իրականություն դարձնելու համար»:
Վրաստանը և Միացյալ Նահանգները 1992 թվականից համագործակցում են քաղաքականության, տնտեսության և առևտրի բնագավառներում, իսկ 1990-ականների վերջերից այդ շրջանակում են ներառվել նաև պաշտպանությունը և անվտանգությունը:
2009 թվականին երկու երկրները կնքել են Ռազմավարական գործընկերության խարտիա, որը ենթադրում է սերտ համագործակցություն անվտանգության, պաշտպանության, առևտրի, տնտեսության, մշակույթի և հումանիտար ոլորտներում:
Նախորդ անգամ Պենտագոնի ղեկավարը 2014 թվականին է այցելել Վրաստան: Պենտագոնը երեկ հայտնել է, որ Լոյդ Օսթինը Վրաստանից բացի, կայցելի Ուկրաինա և Ռումինիա, ապա կմեկնի Բրյուսել, որտեղ հոկտեմբերի 21-ից 22-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների համաժողովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պենտագոնի ղեկավարն այս շաբաթ կայցելի Ուկրաինա, Վրաստան և ՌումինիաԵրեկ Պենտագոնը հայտնել է, թե Օսթինը Թբիլիսիում և Կիևում կընդգծի, որ «ՆԱՏՕ-ի դռները բաց են» և երկու երկրներին կոչ կանի «իրագործել անհրաժեշտ բարեփոխումներ, որոնք կընձեռեն Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու իրավունք»:
Ըստ Պենտագոնի երեկվա պաշտոնական հայտարարության, «նախարարը երեք երկրներում կվերահաստատի Միացյալ Նահանգների հանձնառությունն անվտանգ, կայուն և բարգավաճ Եվրոպային սատարելու գործում»: