«Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» ցուցահանդեսը կներկայացնի Ժանսեմի և Գառզուի ստեղծագործությունները

Առաջիկա կիրակի օրը՝ հոկտեմբերի 17-ին Առնո Բաբաջանյան համերգասրահի երկու ճեմասրահներում կբացվի հայազգի անվանի նկարիչներ Գառզուի և Ժանսեմի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը մինչ այս ներկայացվել էր նաև Գյումրիիում և Վանաձորում:

«Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության և Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ Գյումրիում և Վանաձորում բացեց «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը՝ ներկայացնելով ֆրանսահայ լավագույն արվեստագետների՝ Ժանսեմի և Գառզուի 55 ստեղծագործություններ:

Ինչպես այսօր հրավիրած ասուլիսին ընդգծում էին ցուցահանդեսի կազմակերպիչները, թե' Գյումրիում, թե' Վանաձորում ցուցահանդեսը մեծ արձագանք է ունեցել: Եվ ահա մայրաքաղաքի արվեստասերները ևս հնարավորություն կունենան առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում այցելել ցուցահանդես և ծանոթանալ Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում պահվող ֆրանսահայ անվանի արվեստագետների ստեղծագործություններին, դիտել նրանց կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող Արամ Սուքիասյանի նկարահանած ֆիլմը, նաև ունկնդրել ցուցահանդեսի բացման համար նախատեսված «Կադանս» երաժշտախմբի համերգային ծրագիրը:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր Արմեն Մանասյանն ասաց. - «Կարծում եմ, որ այս ծրագրով հիմք կդրվի շարունակական համագործակցության, և հաշվի առնելով, որ այս ժամանակահատվածը հոբելյանական է թե' մեզ համար, թե' թանգարանի համար՝ մենք նշում ենք Առնո Բաբաջանյանի 1000-ամյակը, այս տարի լրանում է թանգարանի 50-ամյակը, այս առիթները մենք հավուր պատշաճի կօգտագործենք՝ զարգացնելով մեր համագործակցությունը»։

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանի խոսքով, այս ծրագիրը ստացել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությունը, որը հնարավորություն ստեղծել նախևառաջ մարզային արվեստասերներին իրենց թանգարանի հավաքածոյից Ժանսեմի և Գառզուի ստեղծագործությունները ներկայացնելու համար. - «Մտածում էին ինչպիսի ծրագրով մասնակցենք այդ դրամաշնորհին և որոշեցինք ներկայացնել մարզերում Ժանսեմ և Գառզու»։

ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի խոսքով, մարզերում շարունակական է լինելու մայրաքաղաքային թանգարաններում ամբարված արվեստի գործերի ցուցադրությունը. - «Դա, իհարկե, մեր առաջնահերթություններում է, և երկու ճանապարհով։ Գիտենք, որ Հայաստանի ազգային պատկերասրահը տասներկու մասնաճյուղ ունի Հայաստանի բոլոր մարզերում, և Ազգային պատկերասրահի միջոցով նախկինում արդեն կա ծրագիր, որով շրջիկ ցուցադրություններ են իրականացվում, բայց այս պահին մենք նաև վերակազմակերպման և արդիականացման ծրագիր ենք մշակում՝ մարզային մասնաճյուղերը և թանգարանները ակտիվացնելու։ Դրան զուգահեռ, նաև հնարավորություն ենք տալիս ոչ մեր ենթակայությամբ գործող կազմակերպություններին այս մրցութային դրամաշնորհային ծրագրերի միջոցով նմանատիպ ծրագրեր իրականացնել թե' Երևանում և թե' Երևանի սահմաններից դուրս»։

Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը հավելեց, որ Ֆրանսիայի դեսպանատան ֆինանսավորմամբ հրատարակվել է «Ժանսեմ. Գառզու» խորագրով ֆրանսահայ նշանավոր արվեստագետների ստեղծագործությունների երկլեզվյա՝ հայերեն և ֆրանսերեն պատկերագիրքը, որը շնորհանդեսի կներկայացվի հոկտեմբերի17-ին՝ մայրաքաղաքում «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» ցուցահանդեսի բացման ժամանակ:

Ինչպես շեշտում էր այսօր Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում հրավիրված ասուլիսին Ֆրանսիայի դեսպանատան մշակութային խորհրդական Գիյոմ Նարժոլեն, դեսպանատունը բազմաթիվ մշակությաին ծրագրեր է իրականացնում: Արդեն իսկ հաջորդ տարի Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ մեծ բանաստեղծի 125-ամյակի կապակցությամբ կհրատարակվի Չարենցի բանաստեղծությունների հատընտիր ժողովածուն ֆրանսերեն:

«Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ այսօր։ Ֆրանսիայի դեսպանատան համար մշակույթը, ժառանգությունը շատ կարևոր են, ես ցանկանում եմ զարգացնել նախագծերը, ցանկանում եմ բարելավել ֆրանս-հայկական համագործակցությունը։ Ինչպես գիտեք, Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանյուել Մակրոնը մեկ տարի առաջ իր ցանկությունը և պատրաստակամությունը հայտնեց Հայաստանի հետ կապերը խորացնելու և ամրապնդելու։ Մշակույթը և մշակութային ժառանգությունը այն ոլորտներից են, որտեղ մենք խնդիր ունենք առավել խորացնելու մեր համագործակությունը», - ասաց Գիյոմ Նարժոլեն։