Ադրբեջանի ԶՈւ-ը կրակ են բացել ՊԲ հենակետի ուղղությամբ, կա 6 վիրավոր. Արցախի ՊՆ

Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 14-ի երեկոյան կրակ են բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

«Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը», - հավելում է Պաշտպանության բանակը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ տեղեկացնում է, որ վիրավորված զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է:

«Խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը», - նշում է Թաթոյանը` պնդելով, որ Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հերքում է կրակոցներ արձակելու մասին լուրը` շեշտելով, որ իր զինված ուժերն այս միջադեպի հետ առնչություն չունեն:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի վիրավոր զինծառայողներին: «Արցախի ՊԲ -ն զոհված զինծառայող չունի: Արցախում այժմ ռազմական գործողություններ չեն ընթանում», - Թվիթերում գրել է նա:

Կեսգիշերից քիչ անց էլ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ տվյալ հենակետում միջադեպի պահին եղել է 6 զինծառայող, որոնք բոլորը վիրավորվել են, որևէ այլ վիրավոր կամ զոհ չկա։ Հիվանդանոցներում բժիշկները Բեգլարյանին հայտնել են, որ վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ ՊԲ-ից պետնախարարին փոխանցել են, որ շփման գծի որոշ կետերում արձանագրվել են հրաձգության դեպքեր, սակայն որևէ այլ հետևանք չի եղել։ Այժմ իրավիճակը կայունացել է շփման գծի ողջ երկայնքով, կեսգիշերից քիչ անց հայտնում է Բեգլարյանը։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր, թե «հայկական կողմից արձակված դիպուկահարի կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող»։ Արցախի պաշտպանության նախարարությունը սա հերքել էր` որակելով կեղծ տեղեկություն: