Ամերիկահայ բարերար Միքայել Սարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ է նվիրաբերել Հայաստանին, բայց հետո լսել է, որ դրանց մի մասը վաճառվել է, գումարը՝ գրպանվել։
«Երկու տարվա ընթացքում ավելի քան 15 միլիոն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ եմ ուղարկել Հայաստան՝ Առողջապահության ու Պաշտպանության նախարարություններին։ Հիմա լսում եմ, որ Պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է Հայաստանին նվիրաբերված արժեքավոր սարքավորումները։ Նկարներում պատկերվածը նախատեսված էր այրվածք ստացած զինվորների համար, բայց դրանք վաճառվել են երկրից դուրս։ Հայաստանում այժմ դրանցից չկա։ Յուրաքանչյուրը վաճառվել է 700 հազար դոլարով, գումարը՝ գրպանվել։ Ամո'թ։ Անհավատալի է, որ որևէ մեկը կարող էր այսպես դավաճանել իր սեփական երկրին ու ժողովրդին», - գրել է բարերարը։
Թե կոնկրետ երբ է այդ նվիրաբերությունը Հայաստան հասել, կամ պաշտպանության ո՞ր նախարարին է մեղադրում գումարը գրպանելու համար՝ բարերարը չի մանրամասնել։ Հարցազրույցի մեր գրավոր առաջարկը Սարյանն անպատասխան թողեց։
Առողջապահության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ բարերար Միքայել Սարյանի կողմից Հայաստանին բժշկական սարքեր և սարքավորումներ նվիրաբերվել են 2017 և 2018 թվականներին։ Նվիրաբերությունները երկու դեպքում էլ իրականացվել են «Լույս» հիմնադրամի միջոցով։ 2016- 2018-ը Պաշտպանության նախարար է եղել Վիգեն Սարգսյանը, իսկ 2018-2020-ը՝ Դավիթ Տոնոյանը։ Այժմ երկուսն էլ տարբեր քրեական գործերով են անցնում, և երկուսի փաստաբանների հետ ողջ օրվա ընթացքում մեզ չհաջողվեց կապ հաստատել։
Մեր զանգերն անպատասխան թողեց նաև Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ, 2018 թվականին բարերարի կողմից նվիրավերված բժշկական սարքերն ու սարքավորումները մաքսազերծվել, պահեստավորվել, գույքագրվել և բաշխվել են նախարարության դեղերի և բժշկական պարագաների ապահովման ՊՈԱԿ-ի կողմից։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն է մանրամասնում. - «Չորս բեռ ենք ստացել քառասուն ֆուտանոց բեռնարկղերով։ Դրանցից երեքը բաշխվել են 2018-21 թվականների ընթացքում, բայց հիմնական բաշխումը իրականացվել է 18-19 թվականներին։ Սարքավորումները բաշխվել են մոտ 30 բուժհաստատությունների միջև, պատշաճ փաստաթղթավորումը իրականացնելուց հետո։ Եվս մեկ բեռնարկղ ներկայումս գտնվում է ՊՈԱԿ-ում, բայց հաշվի առնելով, որ նշված բեռնարկղում առկա սարքերն ու սարքավորումները պիտանի չեն շահագործման, ՊՈԱԿ-ի կողմից սկսվել է խոտանման ու հետագա օտարման գործընթացը, որը կընթանա ըստ կարգի»։
Հայաստանի գլխավոր դատախազությունից ու Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանն» այսօր փոխանցեցին, որ բարերարի հայտարարությունն ուսումնասիրվում է։ ԱԱԾ-ից էլ խոստացան պատասխանել գրավոր հարցմանը։
Առողջապահության նախարարությունը, Հռիփսիմե Խաչատրյանի խոսքով, գնահատում է բարերարի աջակցությունը, բայց անթույլատրելի է համարում մեղադրանքը. - «Առողջապահության նախարարությունը գնահատում է և կարևորում է բարերարի հայրենանվեր գործունեությունը, սակայն գերատեսչությունը անթույլատրելի է համարում զրպարտություն հանդիսացող անհիմն հայտարարությունների միջոցով պետական ինստիտուտի համբավը վարկաբեկելու յուրաքանչյուր փորձ»։
Ի դեպ, 2018-ի հոկտեմբերին բարերար Միքայել Սարյանին ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ կառավարությունը Սարյանին ներկայացրել էր որպես Միացյալ Նահանգների առողջապահական ոլորտի հայտնի ներկայացուցիչ և ԱՄՆ 14 նահանգների 45 հիվանդանոց ներառող խոշոր ցանցի ղեկավար: Վերջինս պատրաստակամություն էր հայտնել աջակցել կառավարությանը։