ԵԱՏՄ տարածաշրջանում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերը դասվում են համակարգային խնդիրների շարքին: Մասնակցելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին` հայտարարել է Հայաստանի վարչապետը:
«Էներգետիկ բնագավառում ընդհանուր ոլորտային շուկաների ձևավորումը ոչ միայն ԵԱՏՄ ձևավորման մասին պայմանագրի դրույթների իրականացման խնդիր է, այլ նաև տնտեսական ինտեգրման ներուժի լիարժեք իրացման նախապայման», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը Միության առաջնահերթություններից է, նշել է Փաշինյանը` նկատելով, որ դրա նպատակն է ապահովել ներքին շուկաների աշխատանքն առանց խոչընդոտների և սահմանափակումների:
Նիստի ընթացքում, ըստ կառավարության հաղորդագրության, քննարկվել են Եվրասիական տնտեսական միության գործունեությանն առնչվող մի շարք արդիական հարցեր, այդ թվում` նավթի և գազի միասնական շուկաների ձևավորումը:
Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում: