«Մոդեռնա» դեղագործական ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը «Ռոյթերս»-ի հետ հարցազրույցում հաստատել է, որ ընկերությունը պատրաստվում է Աֆրիկայում գործարան հիմնել, որտեղ նաև COVID-19-ի դեմ դեղամիջոց կարտադրվի։
Անցած շաբաթ ընկերությունը հայտնել էր Աֆրիկայում գործարան կառուցելու մտադրության մասին, որը տարեկան 500 միլիոն չափաբաժին դեղամիջոց կարտադրի՝ ցածր եկամուտ ունեցող երկրներին դեղորայքով ապահովելու ծրագրի շրջանակներում։
Նուբար Աֆեյանը հաստատել է, որ թեկնածու երկրներից են Ռուանդան, Սենեգալն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը, և հիմա, երբ հայտարարվել է Աֆրիկայում գործարան հիմնելու պլանների մասին, արդեն կակտիվացնեն ընտրություն կատարելու գործընթացը։
Պատասխանելով «Ռոյթերս»-ի հարցին, թե արդո՞ք այդ երեք երկրներն են «Մոդեռնա»-ի թեկնածուների ցանկում, Աֆեյանը պատասխանել է․ - «Այո, ես կարող եմ հաստատել»։
Նա մանրամասներ չի հայտնել, թե ընտրությունը կատարելու գործընթացում, որ մի երկրի հետ է «Մոդեռնա»-ն բանակցություններ վարում։
«Մեզ համար շատ կարևոր են այն պայմանները, որոնց ներքո պետք է աշխատենք։ Այսինքն՝ առողջապահական համակարգը, վերապատրաստված մարդկանց առկայությունը, որոնք գոնե կարող են օգնել՝ որոշ կլինիկական անհրաժեշտ թեստեր կատարելու համար: Մենք գիտենք մի քանի երկրներ, որոնք արդեն առողջապահական լավ համակարգ ունեն և բավականին մեծ հետաքրքրություն՝ դրա վրա աշխատելու համար, ուստի մենք գործընկերներ կգտնենք» ,- ասել է Աֆեյանը:
Նա նաև նշել է, որ հիմնական նպատակը տարբեր վակցինաներ արտադրող գործարան կառուցելն է, որը ապագայում, եթե համավարակներ լինեն, որոնք, նրա խոսքերով, անշուշտ կլինեն, կարողանան շատ արագորեն վերափոխել դեղամիջոցը և աֆրիկյան մայրցամաքում պատվաստանյութի անվտանգություն ապահովել:
Անցած շաբաթ «Պոլիտիկո» հանդեսը գրել էր, որ ԱՄՆ-ի վարչակազմը «Մոդեռնա»-ին հորդորել է ավելացնել վակցինայի արտադրությունը՝ կարիք ունեցող երկրներին ցուցաբերվող օգնությունը մեծացնելու համար, սակայն «Մոդեռնա»-ն երկմտում է` վախենալով, որ ավելի քիչ կվճարվի դեղամիջոցի համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ժամանցի վայրեր հաճախելու համար թեստի պատասխան ունենալու կամ պատվաստված լինելու հնարավոր պահանջը մտահոգություններ է առաջացրելՆուբար Աֆեյանն ասել է, որ Սպիտակ տան հետ իրենց հետաքրքրություններն ընդհանուր են՝ որքան հնարավոր է շատ վակցիանայով ապահովել ցածր եկամուտ ունեցող երկրներին:
Անցած ուրբաթ «Մոդեռնա»-ն հայտարարել էր աղքատ երկրներին 2022 թվականին քովիդի դեմ դեղամիջոցի մեկ միլիարդ չափաբաժին ապահովելու նպատակի մասին: Քովիդի դեմ ամբողջովին պատվաստված աֆրիկացիների թիվը շատ ցածր է. երկու չափաբաժին ընդունածների թիվը մայրցամաքի բնակչության 5 տոկոսին չի հասնում։
Առողջապահական համակարգի փորձագետները նշում են, որ Ռուանդան, Սենեգալը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը «Մոդեռնայի» գործարան ունենալու թեկնածուներից են, որովհետև նրանք դեղամիջոց արտադրելու փորձառություն ունեն կամ հետաքրքրված են՝ զարգացնելու այդ ոլորտը։
Հարավային Աֆրիկան բժշկական հետազոտությունների կարողություններ ու դեղագործական ներքին արտադրություն ունի, Սենեգալը դեղին տենդի դեմ պատվաստանյութ է արտադրում, Ռուանդան պատվաստանյութեր ու դեղեր արտադրելու հետաքրքրություն է ցուցաբերում։ Հյուսիսային Աֆրիկայում ևս՝ Թունիսն ու Եգիպտոսը դեղագործական սեփական արտադրություն ունեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սկանդինավյան երկրները սահմանափակել են «Մոդեռնա»-ի օգտագործումը երիտասարդ տղամարդկանց համար