Գյումրիի գործող ավագանին երեկ վերջին նիստը գումարեց: Նոր ավագանին կձևավորվի հոկտեմբերի 17-ին նշանակված համամասնական ընտրությունների արդյունքում ու կսկսի գործել նոյեմբերին։
Գործող ավագանու չորս ուժերից երեքը` «Գալա»-ն, «Հայկական վերածնունդ»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը չեն մասնակցում առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ Ամփոփելով իրենց գործունեությունը՝ 4 անդամ ունեցող «Գալա» խմբակցության անդամ Արմենուհի Վարդանյանն ասում է՝ իրենց հաջողվել է ավելի վերահսկելի դարձնել համայնքային բյուջեի ծախսերը։
«Մեզ հաջողվել է մեր ձեռքը պահել զարկերակին, այնպես անել, որ շատ զգուշավոր աշխատի քաղաքային իշխանությունը, անտեղի վատնումներ թույլ չտա բյուջեի, ծախսերի առումով լինեն ավելի հավասարակշռված, ավելի սթափ` հասկանալով, որ իրենց վերահսկում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն և ԳԱԼԱ-ն հայտարարում են, որ մանդատ չեն զիջելու «Բալասանյան դաշինք»-ին2016-ին կայացած ընտրություններից հետո 3 քաղաքական ուժերը մոտ մեկ տարի բոյկոտեցին նիստերը մանդատների բաշխման շուրջ ունեցած անհամաձայնության պատճառով։ Այդուհանդերձ, Արմենուհի Վարդանյանը մյուս չորս տարիների աշխատանքը արդյունավետ է գնահատում, թեև որոշ խնդիրներ մնացել են անլուծելի՝ ըստ էության փոխանցելով հաջորդ ավագանուն. «Հիմնականում դրանք խնդիրներ են, որոնք ավագանին կամ քաղաքային իշխանությունն առանց կառավարության, առանց օրենսդիր մարմնի համագործակցած աշխատանքի արդյունքում չէր կարող լուծել: Դա վերաբերում էր անօթևանության խնդրի մասին մեր նախագծին, որն ուղղեցինք կառավարությանը, դա վերաբերում էր մանկապարտեզները Գյումրիում անվճար դարձնելու մեր առաջարկներին»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիում ավագանու թեկնածուները շարունակում են ինքնաբացարկ ներկայացրել«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը սկզբում 8 անդամ ուներ, հետագայում 2-ը դուրս եկան և որպես անկախ անդամներ էին մասնակցում քաղաքի կառավարմանը։ Այս խմբակցության անդամ Սուսաննա Աստոյանը հատկապես կարևորում է հանձնաժողովների աշխատանքը. «Որովհետև կոնկրետ այն հանձնաժողովը, որտեղ ես էի` Ֆինանսատնտեսագիտականը, շատ մանրակրկտորեն ամեն հարցի շուրջ նախքան իր եզրակացություն տալը մանրամասն քննարկում էր», - նշեց նա:
Աստոյանի կարծիքով՝ ավագանու ինստիտուտը բազմաթիվ խնդիրներ ունեցող Գյումրիում կայանում է, հատկապես ընդգծում է կանանց ներկայությունն ավագանու կազմում։ ԲՀԿ-ականը նաև ասում է՝ համամասնական ընտրակարգն ավելի նախընտրելի է, մեծամասնականի պարագայում թաղային հեղինակություններն էին ավելի շատ ընտրվում. «Հեղինակություններն են անցնում` թաղային հեղինակությունները, շրջապատ, մեծ բարեկամություն ունեցողները, բայց կան մարդիկ, ովքեր շատ ավելի կարող են պետք գալ ավագանու կազմում և ունենալ իրենց դերը քաղաքի ղեկավարման հարցերում: Շատ ճիշտ տարբերակ է նաև կանանց ընդգրկվածությունն ապահովելու համար»:
Ընդդիմադիր «Հայկական վերածնունդ» խմբակցության 4 անդամից 2-ը դուրս եկան խմբակցությունից։ Մի քանի տարի 2 անդամով աշխատած խմբակցության անդամները չցանկացան հարցազրույց տալ։
Մեծամասնություն կազմող «Բալասանյան» դաշինքը այս ընտրություններին մասնակցում է նորաստեղծ նույնանուն կուսակցությամբ, բայց քաղաքապետի այլ թեկնածուով, վերջինս գործող քաղաքապետի ազգականն է։ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն արդեն ինը տարի ղեկավարող Սամվել Բալասանյանը այդպես էլ չհայտնեց, թե ինչու այս անգամ չառաջադրվեց։ «Բալասանյան» դաշինքի անդամ Հրայր Կարապետյանի գնահատմամբ՝ իրենց հաջողվել է ընդդիմադիր 3 ուժերի հետ քաղաքի զարգացման համար անհրաժեշտ որոշումներ կայացնել։
«Այս տարիների ընթացքում ունեցել ենք շատ դժվար օրեր, ծանր աշխատանք, նաև հաճելի պահեր: Նկատելի են Գյումրիում այսօր փոփոխությունները ոչ միայն ասֆալտապատման ուղղությամբ, նաև տուրիզմի զարգացման ուղղությամբ», - ընդգծեց ավագանու անդամը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիի քաղաքային իշխանության հավակնորդները ներկայացնում են հանրային տրանսպորտի բարալավման իրենց տեսլականը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիի առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի ծրագրերում անդրադարձ կա անօթևանների խնդրինՀրայր Կարապետյանը ժամանակին նաև մեծամասնական ընտրակարգով է ավագանու անդամ ընտրվել։ Հետաքրքրվեցինք՝ որ մոդելն է ավելի արդյունավետ համարում։
«Բոլոր դեպքերում թիմային աշխատանքը շատ ավելի արդյունավետ է` իմ կարծիքով: Այստեղ պետք է նշենք ոչ թե ընտրակարգերի տարբերությունը, այլ կոնկրետ անձերի աշխատանքի և աշխատանքի ունակության և գաղափարների իրականացման հնարավորության սահմանում: Այստեղ շատ կարևոր է նաև անձերով պայմանավորված մեկ կամ երկուսի ոչ միայն նկատելի կամ ոչ նկատելի աշխատանքը, այլ ընդհանուր թիմային աշխատանքի մոտեցումը, թիմային գաղափարախոսությունը», - ասաց նա:
Ավագանու վերջին նիստը վարում էր փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, ավագանու անդամներին փոխանցեց, որ Սամվել Բալասանյանը Հայաստանում չէ։
Նոր ձևավորվելիք ավագանու առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերին, այն իր կազմից քաղաքապետ կընտրի։