67-ամյա Անահիտ Եգորյանը պատերազմի առաջին օրերին է տուն ու տեղը թողել և Բերձորից տեղափոխվել Աբովյան։ Մանկավարժ Եգորյանը մեկն է տեղահանված քաշաթաղցիներից, որոնք մեկ տարի է ի վեր բնակություն են հաստատել Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում։ Բայց այստեղ էլ ժամանակ են տվել, որպեսզի ընտանիքները երկու օրից ազատեն շենքը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ազատությունը» տեղեկացրին, որ այդ հաստատությունն այժմ պետք է շարունակի աշխատանքը, շահառու երեխաները պետք է այցելեն։
«Ես տեղ չունեմ գնալու, ոչ մի տեղ չեմ կարող գնալ այս վիճակով։ Շատ թույլ եմ, շատ հիվանդ եմ... որ հանեն, պիտի մնամ փողոցում, այ էդ հայաթում պիտի մնամ», - ասում է Եգորյանը։
Միայնակ, առողջական խնդիրներ ունեցող կինը այժմ սարքի միջոցով է շնչում, չի կարողանում քայլել, տեղաշարժվել, հարևաններն են փորձում օգնել։
Այստեղ բնակություն հաստատած ավելի քան 20 ընտանիքի ճակատագիր այս պահին անորոշ է։ Ասում են՝ սոցապնախարարությունից իրենց տեղեկացրել են, որ տարածքը պետք է ազատվի։
Որդու հետ նեղլիկ սենյակում ապաստանած Ալիսա Հովսեփյանը ևս չի պատկերացնում, թե հիմա ուր պետք է տեղափոխվի, ինչ միջոցներով ապրի։ Մյուս որդին էլ ծառայության մեջ է, սահմանից ամեն օր հետաքրքրվում է, թե որտեղ է ընտանիքը. - «Էդ երեխեն դիրքերում, անընդհատ զանգ է տալիս՝ մամ ոնց եղեք, դո՞ւրսն եք, փողոցո՞ւմ եք, ի՞նչ եք... Ես, երեխա ունեմ, ինքը ներառական հաշվառման մեջ է, անընդհատ վախի, ապրումների մեջ է, անընդհատ սթրեսների մեջ է։ Չգիտենք ինչ անենք»։
Երևանում ու մարզերում պատերազմից մեկ տարի անց 20 հազար 700 արցախցի է ապրում, 5400 ընտանիք, որ սպասում են վարձով տներում, հյուրանոցներում կամ ժամանակավոր այլ կացարաններում։
Այս պահին ֆինանսական աջակցության բոլոր ծրագրերը արցախցիների համար ավարտված են։ Մինչը հիմա նրանք ստանում էին ամսական 68 հազարական դրամ։ Կառավարությունը սոցիալական այս աջակցությունը տեղահանված մարդկանց տրամադրում էր նախորդ տարվանից, այն Արցախի հաշվառում ունեցող ու այլ եկամուտ չունեցող արցախցիների համար էր։ 68 հազարը տուն-տեղ կորցրած, վարձով ապրող արցախցիների համար ապրելու հիմնական գումարն էր։
Սոցապնախարարությունից տեղեկացնում են, որ այժմ աջակցության նոր ծրագիր է սպասվում։
Գերատեսչությունից պարզաբանում են, որ հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում նախագիծը կառավարություն կտանեն, հավանության արժանանալու դեպքում սեպտեմբերի գումարը ևս կվճարվի։ Նոր ծրագիրը, սակայն, ենթադրելու է ոչ թե 68, այլ ամսական մինչև 50 հազար դրամի աջակցություն։
Հյուրընկալության նոր ծրագիր առայժմ չկա։ Չկան առաջարկվող ելքեր՝ ի՞նչ պետք է անի մարդը այս ընթացքում, եթե գործադիրը հոկտեմբերի երկրորդ կեսին պետք է քննարկի սեպտեմբերից սկսվող ծրագիրը։ Տեղահանված արցախցիները տարակուսում են՝ իսկ 50 հազար դրամով վարձով տուն հնարավո՞ր է գտնել։
«Թող հիսուն հազար ըլնի, թող վաթսուն հազար ըլնի, էսօր թող մեկը ցույց տա էդ տան տեղը, ես գնամ։ Եթե ինձ դուրս հանեն, կգնամ երեխեքովս կառավարության շենքի դիմաց կապրեմ», - ասում է Վանո Գրիգորյանը։
Նրա ընտանիքին առաջարկել են Վանաձորում իր ծնողների տանը ապրել, որտեղ, Գրիգորյանի խոսքով, երկսենյականոց տանը արդեն 10 հոգի են ապրում։
Սոցապնախարարությունից «Ազատությանը» առանց մանրամասներ հայտնելու վստահեցրին՝ Կոտայքում ժամանակավոր հաստատված քաղաքացիները դրսում չեն հայտնվի, այժմ փորձում են խնդիրը լուծել։