Արդյո՞ք Brexit-ին կհաջորդի Polexit-ը

Հարձակում Եվրամիության դեմ. այսպես է արձագանքել Ֆրանսիան Լեհաստանի բարձրագույն դատարանի որոշմանը, ըստ որի Լեհաստանի Սահմանադրությունն ու օրենքները գերադասվում են Եվրամիության նորմերից։

«Դա շատ լուրջ է, այստեղ Եվրամիությունից Լեհաստանի դե ֆակտո դուրս գալու ռիսկ կա։ Սա հարձակում է Եվրամիության վրա Սահմանադրական դատարանի կողմից, որը մոդելավորվել է Լեհաստանի կառավարության կողմից։ Սա տեխնիկական կամ իրավական հարց չէ։ Սա բարձր մակարդակի քաղաքական հարց է, որը ավելանում է Եվրամիության դեմ ուղղված սադրանքների երկար ցանկին», - այսօր BFM-TV-ի հետ հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտգործնախարարության եվրոպական հարցերով նախարար Կլեմետ Բոնը:

Նա նշել է, որ Եվրամիությանն անդամակցելը Լեհաստանի ժողովրդի կամքն էր։ «Երբ դուք միանում եք ակունքին, դուք փաստաթուղթ եք ստորագրում, որը կոչվում է պայմանագիր, որը վավերացվել է Լեհաստանում անցկացված հանրաքվեի միջոցով։ Դա լեհերի ընտրությունն էր: 80 միլիոն լեհ կա, և նրանք ցանկանում են մնալ Եվրամիությունում, նրանք սա չեն ցանկացել»,- ասել է Կլեմենտ Բոնը` մեղադրելով Լեհաստանի կառավարությանը։ Նրա խոսքով` այդ երկրի կառավարությունը չի հարգում Եվրամիության արժեքներն ու հիմնարար սկզբունքները, կանանց իրավունքները, փոքրամասնությունների իրավունքները, դատական իշխանության և մամուլի անկախությունը։

Բրեքսիթ

Գերմանայի արտգործնախարար Հեյկո Մաասը ևս, այսօր արձագանքելով այդ որոշմանը, Funke թերթին ասել է, որ Լեհաստանը պետք է ամբողջովին կատարի միության օրենքները, քանի որ բլոկի անդամ է. «Եթե երկիրը քաղաքականապես որոշել է Եվրամիության մաս կազմել, ապա պետք է ապահովի համաձայնեցված կանոնները և ամբողջովին կատարի դրանք»։

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելն այսօր Մադրիդում ասել է, թե Եվրամիության օրենսդրության գերակայությունը ազգային օրենսդրությանը ԵՄ հենասյուներից մեկն է։

Եվրամիության բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ևս քննադատել են Լեհաստանի ՍԴ-ի երեկվա որոշումը:

Հինգշաբթի օրը Լեհաստանի Սահմանադրական տրիբունալը որոշեց, որ Եվրամիության համաձայնագրի որոշ հոդվածներ անհամատեղելի են Լեհաստանի Սահմանադրությանը, և Եվրամիության ինստիտուտներին զգուշացրեց, որ դուրս չգան իրենց լիազորությունների շրջանակից՝ միջամտելով երկրի դատական համակարգին։ Որոշումը հրապարակող Սահմանադրական տրիբունալի նախագահ Յուլիա Պրզիլեբսկան հայտարարեց, թե Լեհաստանը չի կարողանում գործել որպես անկախ ու ժողովրդավար պետություն:

Մինչ այս Բրյուսելի և Վարշավայի միջև տարաձայնություններ էին առաջացել Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» (PiS) աջակողմյա կուսակցության նախաձեռնած դատական համակարգի բարեփոխումների շուրջ, որը Բրյուսելի գնահատմամբ` սպառնում է Լեհաստանի ժողովրդավարությանը։

Լեհաստանի բարձր դատարանի որոշումից հետո Եվրահանձնաժողովը երեկ հայտարարել է, որ կօգտագործի բոլոր հնարավոր գործիքները Լեհաստանում Եվրամիության օրենքի գերակայությունն ապահովելու համար։ Իսկ երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկին այսօր հայտարարել է, թե Լեհաստանը ցանկանում է մնալ Եվրամիությունում։

Մինչ այդ փորձագետներն արդեն Brexit-ի լեհական տարբերակին համահունչ նոր բառ են հորինել` Polexit: