Չեխիայում այսօր և վաղը խորհրդարան են ընտրում

Չեխիայում այս ուրբաթ և շաբաթ օրերին անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Խորհրդարանում մեծամասնություն ստանալու համար պայքարում է գործող վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած շարժումը, որն ըստ հարցումների` հավակնում է առաջին տեղը զբաղեցնել ձայների քանակով, բայց ոչ մեծամասնություն։

Վարչապետի գլխավոր մրցակիցները երկու արևմտամետ ուժեր են, խորհրդարանում կարող են մանդատ ունենալ նաև ազգայնականներն ու կոմունիստները։ Միլիարդատեր և մեդիամագնատ Բաբիշին ընդդիմախոսները մեղադրում են կոռուպցիայի մեջ, նա արդեն քննության տակ է սեփական ընկերությունների համար եվրոպական դոտացիաներ ապօրինի կերպով ստանալու գործով։

Չեխական կառավարության ղեկավարի անունը շրջանառվում է նաև «Պանդորայի արխիվներում»։ Լրագրողները պարզել են, որ նա օֆշորային ընկերությունների միջոցով հսկայական ամրոց է ձեռք բերել Ֆրանսիայում։ Անդրեյ Բաբիշը հերքում է բոլոր մեղադրանքները` պնդելով, որ իր ընդդիմախոսները ցանկանում են Չեխիան զրկել ինքնիշխանությունից և կախվածության մեջ դնել Բրյուսելից։