Կիևում հայտնաբերել են Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորի դին

Անտոն Պոլյակով

Այսօր առավոտյան Կիևում հայտնաբերվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Պոլյակովի դին, հայտնում է «Ազատության» ուկրաինական ծառայությունը։

Պաշտոնական վարկածի համաձայն՝ Պոլյակովի ինքնազգացողությունը վատացել է ճանապարհին, տաքսու մեջ։ Շտապ օգնության ծառայության բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը, հայտնել է Կիևի ոստիկանությունը։ Մահվան փաստով հարուցվել է քրեական գործ «կանխամտածված սպանության» հոդվածով՝ «բնական մահ» նշագրմամբ։

33-ամյա Պոլյակովը Գերագույն ռադայում ներկայացնում էր «Ժողովրդի ծառա» խմբակցությունը, սակայն 2019 թվականին իշխող ուժը որոշում է կայացրել դադարեցնել համագործակցությունը նրա հետ՝ «խմբակցության ներսում ոչ էթիկական պահվածքի» պատճառաբանությամբ։

Ինքը Պոլյակովը «Ազատության» ուկրաինական ծառայության հետ զրույցում հայտարարել էր, որ իրեն խմբակցությունից վտարել են այն ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Ռուսլան Ռյաբոշապկային անվստահություն հայտնելու համար ստորագրահավաք նախաձեռնելու պատճառով։ Արդյունքում՝ պատգամավորը միացել էր «Հանուն ապագայի» խորհրդարանական խմբակցությանը։