Կառավարությունը սկսել է կառավարման համակարգի փոփոխության նպատակահարմարության քննարկումները

«Ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինեի», - Հանրապետության հրապարակում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի սահմանած վերջնաժամկետը լրանում է, բայց կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ նախագիծ չկա։ Մինչդեռ Փաշինյանը հանրաքվեի մասին էր հայտարարում։ Յոթ ամիս անց կառավարաությունում ընդամենը քննարկումներ են սկսվել տեխնիկական հարցերով։

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն ասաց՝ նախարարն անցած ամիս է սկսել հանդիպումները հանրային, խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ. - «Տարբեր հարցեր են քննարկվել կապված սահմանադրական բարեփոխումների իրականացման հնարավորությունների հետ։ Մասնավորապես, ինչ ձևաչափով առաջ գնալ, ինչպես կազմակերպել այս գործընթացը, մասնագիտական, հանրային քննարկումների ինչ մոդել ընտրել»։

Նիկոլ Փաշինյանը կառավարման համակարգի փոփոխության մասին խոսեց պատերազմից մի քանի ամիս անց, երբ Գլխավոր շտաբի պետն ու մոտ չորս տասնյակ բարձրաստիճան սպաներ պահանջեցին վարչապետի հրաժարականը։ Փաշինյանը այն ժամանակ դժվարանում էր իր հրաժարականը պահանջած Գլխավոր շտաբի ղեկավար կազմի պաշտոնանկության հարցը հանգուցալուծել նախագահ Արմեն Սարգսյանի հետ հակասությունների պատճառով։

Իսկ արդեն հունիսից հետո, երբ Փաշինյանի իշխանությունը վերահաստատվեց, նրա հռետորաբանությունը փոխվեց։ Ծրագիրը ներկայացնելիս Փաշինյանը հայտարարեց, թե խորհրդարանականից կիսանախագահական կառավարմանն անցնելու փոփոխության հարցը պետք է որոշել հանրային ու քաղաքական շրջանակների հետ քննարկումների տիրույթում։ Թե որքանով են իրատեսական կառավարման համակարգի փոփոխությունն ու սահմանադրական այլ փոփոխությունները, դեռ ամիսների քննարկումների ընթացքում կորոշվի։

«Կառավարության ծրագրից հենց դա է բխում՝ սկսել քննարկումներ՝ հասկանալու նպատակահարմարությունը և ուղղությունները։ Առաջիկայում, երբ արդեն կամփոփվի և կընդունվի կառավարության ծրագրից բխող գործողությունների ծրագիրը, այնտեղ ևս կտեսնեք համապատասխան քայլեր, թե ինչ քայլերի հաջորդականությամբ պետք է այս գործընթացը առաջ տրվի և մոտավոր ժամկետները», - ասաց Դադունցը։

Նրա խոսքով, դեռ մեկ տարի կտևեն փոփոխությունների նպատակահարմարության քննարկումներն և ըստ այդմ նախագծի մշակումը։ Հանրաքվեի մասին խոսելը դեռ շատ վաղ է։

Քահասարակությունից այս քննարկմանը մասնակցել է Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Բովանդակային քննարկում չի եղել, ասաց, միայն տեխնիկական հարցեր. - «Ինչպես կազմակերպել պրոցեսը, որ դա լինի ներառական, որ հանրության տարբեր շերտերը դրան մասնակիցը լինեն, դրա տերը զգան, և նաև պրոցեսը լինի էֆեկտիվ»։

Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ընդգրկված էր նաև մինչև պատերազմը ձևավորված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում։ Այս հանձնաժողովի աշխատանքները կասեցվել են պատերազմը սկսվելուց հետո։ Բայց այդ ժամանակ էլ է քննարկվել կառավարման համակարգի փոփոխությունը և որոշում ընդունել, որ գործողը փոխելու, նախկին համակարգին անցնելու անհրաժեշտություն չկա։ Այս որոշումն ընդունվել է քվեարկությամբ, ինչին չեն ընդդիմացել Փաշինյանի թիմակիցները։

Խորհրդրանական կառավարման մոդելը ընդունվել է Սերժ Սարգսյանի նախագահության օրոք՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքում։

«Կառավարության ներկայացուցիչները, որոնք հանձնաժողովում քիչ չէին, իրենցից ոչ մեկ ես չեմ հիշում, որ ընդդիմանար այն մոտեցմանը, որ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է մնա», - ասաց Իոաննիսյանը։

Վարչապետ Փաշինյանը 2019-ին պնդում էր, թե կիսանախագահական համակարգը երկիրը ձախողած համակարգ է, որը պետք է բացառվի. - «Մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք առնվազն էնքան ժամանակ մինչև չենք համոզվել, որ էս կառավարման համակարգը մեզ համար պրոբլեմ է»։

Փաշինյանի հայտարարությունից հետո «Ազատությունը» նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանից էր հետաքրքրվել, թե ինչպես է վերաբերվում կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու Փաշինյանի մտադրությանը։ Նախագահականից հիշեցրել էին, որ Արմեն Սարգսյանը տարբեր առիթներով խոսել է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին, բայց դրանք ինքնանպատակ չպետք է լինեն։