Իրանի արտգործնախարար Հասեյն Ամիր Աբդոլահիանը «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի լավ հարևաններն են, ու Իրանը նրանցից մեկի հետ չի աշխատի մյուսի դեմ։
Նա ասել է, թե Իրանի նոր կառավարությունը իր գլխավոր սկզբունքներից մեկը համարում է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը, մասնավորապես հյուսիսային հարևանների հետ։ «Ադրբեջանն ու Հայաստանը մեր լավ հարևաններն են, և մենք չենք կարող նրանցից մեկի հետ աշխատել մյուսի դեմ։ Մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է։ Երկու օր առաջ Հայաստանի իմ գործընկերն էր ժամանել Իրան, լավ կլինի, որ ադրբեջանցի մեր գործընկերը ևս հնարավորություն գտնի Իրան այցելելու համար։ Ես իմ հերթին, հենց հնարավորություն լինի, որպես բարիդրացիության նշան, կայցելեմ Ադրբեջան ու Հայաստան»։
Իրանի արտգործնախարարը միաժամանակ նշել է, թե Հարավային Կովկասում ինչն է անհանգստացնում Թեհրանին:
«Առաջինը,- ասել է նա,- դրսի որոշ ուժեր փորձում են ազդեցություն գործել տարածաշրջանի վրա, որպեսզի փոխեն սահմանները, փակեն սահմանային անցումները կամ տեղաշարժեն դրանք։
Միաժամանակ մենք նկատում ենք ահաբեկիչների ներկայություն, որոնք այնտեղ են հայտնվել Ղարաբաղի պատերազմի ժամանակ։ Մենք սա ասում ենք` ոչ մի դեպքում կասկածի տակ չդնելով մեր հարևանների տարածքային ամբողջականությունը։
Մեր հետ բանակցություններում Ադրբեջանի պաշտոնատար անձինք խոստացել են, որ միջոցներ կձեռնարկեն տարածաշրջանը ահաբեկիչներից մաքրելու համար»։
Թեհրանին անհանգստացնող մյուս խնդիրը նա նշել է Իսրայելի գործոնը։ «Պետք է նշեմ նաև Իսրայելի սիոնիստական ռեժիմի սադրիչ շարժումը մեր տարածաշրջան Ադրբեջանի տարածքից։ Մենք դա անընդունելի ենք համարում։ Մենք այս ամենը պետք է կարգավորենք բարեկամության և բարիդրացիության հիմքի վրա։ Մեզ Ադրբեջանի հետ պատմական և մշակութային ահռելի շերտ է կապում, և չի կարելի թուլ տալ, որ որոշ լրատվամիջոցների հրապարակումներ ստվեր գցեն դրա վրա», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումից կշահեն նաև Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան․ Լավրով ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին՝ Իրան-Հայաստան նոր ճանապարհի կառուցման հարցումԻրանի արտգործնախարարը ուղիղ չի պատասխանել դեպի Նախիջևան Իրանի կողմից օդային տարածքը փակելու, ու թե նման քայլերը որքան հեռու կարող են գնալ հարցին, այլ անդրադարձել է միայն հարցի երկրորդ մասին՝ 3 գումարած 3 ձևաչափով համագործակցության հնարավորությանը, որը հիշատակել էր Ռուսաստանի արտգործնախարարը նրանց համատեղ ասուլիսում։
Իրանի արտգործնախարարի խոսքով` հակամարտության լուծման շատ ձևաչափեր կան, դրանցից մեկը երեք գումարած երեքն է, որի մասին խոսվեց դեռ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, մյուսը նա նշել է Իրան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աբդոլահիան․ «Իրանը թույլ չի տա երրորդ պետություններին ազդել Հայաստանի հետ իր հարաբերությունների վրա»«Մենք գտնում ենք, որ չափից մեծ նոր պահանջները միայն բարդացնում են իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- ընդգծել է նա։
«Իրանը գտնում է, որ բոլոր կողմերը պետք է ջանք թափեն իրավիճակը նորմալացնելու և լարվածությունը լիցքաթափելու համար, վերջին շրջանում տարածաշրջանը բավականաչափ վատ բաներ է տեսել։ Որոշ կոշտ հայտարարություններ մենք ոչ կառուցողական ենք համարում և գտնում ենք, որ եթե իրավիճակին խելամիտ ու իմաստուն մոտենանք, կարող ենք Ադրբեջանի և Հայաստանի, մեր երկու հարևանների հետ լավ ուղի մշակել բոլոր խնդիրները լուծելու համար, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Գլխավորը կենտրոնանալ կառուցողական մոտեցումների վրա և թույլ չտալ տարածաշրջանում դրսի միջամտությունը՝ Իսրայելի սադրանքներն ու ահաբեկիչների ներկայությունը»,- ռուսական պետական հեռուստաընկերության հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները չեն վերածվի զինված բախման, կրքերը կհանդարտվեն. թուրք քաղաքագետ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհների քարտեզը շուտով ամբողջովին կփոխվի․ իրանցի նախարարՀոսեյն Ամիր Աբդոլահիանի այցը Մոսկվա Իրանում նախագահական ընտրություններից հետո ձևավորված նոր կառավարության արտգործնախարարի առաջին այցն էր ու բանակցությունները Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Այցի նախօրեին Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Թեհրանում հանդիպում էր ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:
Մոսկվայում Լավրովի հետ բանակցությունները Իրանի արտգործնախարարը հիանալի է գնահատել․ «Հիանալի բանակցություններ Մոսկվայում Լավրովի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակով, ներառյալ՝ Աֆղանստան, Կովկաս, Սիրիա, Եմեն ու միջուկային գործարքը»,- Թվիթերում գրել է նա, նշելով, որ կողմերը համաձայնեցին սերտ համագործակցել տարածաշրջանային և միջազգային հարցերում, ինչպես նաև օժանդակել երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների հետագա ամրապնդմանը։
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, չի բացառել, որ մինչև տարեվերջ տեղի ունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նոր ընտրված նախագահ Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը։