Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ խարդախությամբ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակած հանցավոր խմբի բացահայտման մասին:
Ըստ հաղորդագրության` երկու հոգուց կազմված խումբը Ֆեյսբուքում տեղադրել է գովազդ, որ «Արագ աջակցություն» անվանումով կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունեցողներին շտապ կարգով՝ ընդամենը 10 րոպեում, առանց երաշխավորի, առանց վարկային պատմության՝ տրամադրում է մինչև 4 միլիոն դրամ վարկ, ապա ուղղորդել մուտք գործել «ajakic.com» կայք, որտեղ լրացրել են վարկ ստանալու վերաբերյալ առցանց հայտ:
Ազգային անվտանգության ծառայության ներկայացմամբ` այս խմբի անձանցից մեկը զանգահարել է վարկի հայտ ներկայացրածներին, նրանց նախ հավաստիացրել, որ վարկը հաստատվել է` պահանջելով այն ստանալու համար փոխանցել վարկի մարման առաջին ամսվա գումարի չափով կանխավճար: Նման կերպ ընդհանուր առմամբ խարդախությամբ հափշտակել են շուրջ 3.9 մլն դրամ գումար:
Հարուցվել է քրեական գործ, քննության սկզբնական փուլում կազմակերպված խմբի կազմում հափշտակություն կատարելու կասկածանքով այս անձինք ձերբակալվել են, նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան: