Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատում է, որ այսօր Հայաստանի օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք: Միաժամանակ ավիացիան հիշեցնում է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի:
«Նշված երթուղով թռիչքներ շարունակաբար իրականացվել են նաև նախկինում` մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը, ինչից հետո ադրբեջանական կողմն իր նախաձեռնությամբ դադարել է օգտվել Հայաստանի Հանրապետության օդային տարածքից։ Այս ողջ ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանից Ադրբեջանի օդային տարածքով չվերթեր են իրականացվել դեպի այլ երկրներ և հակառակ ուղղությամբ և շարունակում են իրականացվել», - ասված է Քաղավիացիայի պարզաբանման մեջ։
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) այսօր հայտարարել էր, որ հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթներն իրականացնելու համար: Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին հավելել է, որ Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացումն արդեն սկսվել է:
Հայկական կողմը նաև շեշտում է, որ Հայաստանի ավիացիոն իշխանությունների կողմից տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տրամադրվում, քանի որ ըստ ընթացակարգերի՝ քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար որևէ թույլտվություն չի պահանջվում, և որ օդային մայրուղիների ընտրության իրավասությունը վերապահված է օդանավ շահագործողներին: