Տարածաշրջանում տևական խաղաղության հնարավոր է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով: Այդ մասին երեկ ասել է Հայաստանի արտգործնախարարը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի ղեկավարներն ու պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են Մինսկի խմբի ձևաչափում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերականգնելու անհրաժեշտությունը, թեև 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Բաքուն պնդում է, թե հակամարտությունն այլևս կարգավորված է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղյան խնդիրը կարգավորված չէ, կարգավիճակի հարցը սպասում է լուծման. Արմեն Գրիգորյանն արձագանքում է ԱլիևինԱրարատ Միրզոյանը Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անիկա Սյոդերի հետ հանդիպմանը 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում հատկապես շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:
Պատերազմից հետո Ադրբեջանը 108 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։