Պուտինը մոտ ապագայում հանդիպում կունենա Փաշինյանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում դեմ առ դեմ հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ գործակալության, այսօր ասել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։

«Նախագահ Պուտինը և վարչապետ Փաշինյանն այս տարի երեք անձնական հանդիպում են ունեցել և 14 հեռախոսազրույց։ Մոտ ապագայում պատրաստվում է նոր հանդիպում»,- ասել է Մատվիենկոն՝ առանց մանրամասնելու՝ երբ է այցը ծրագրվում։

Հայաստանի կառավարությունից ևս առայժմ մանրամասներ չեն հաղորդել Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպման վերաբերյալ։ Վերջին անգամ Փաշինյանը Մոսկվա էր մեկնել հուլիսի սկզբին՝ արտահերթ խորհդարանական ընտրություններից հետո։

Շնորհավորելով Փաշինյանին վերընտրվելու կապակցությամբ՝ Վլադիմիր Պուտինը նշել էր, թե «ժողովրդի վստահությունը կարևոր է դժվար` սուր հարցերը կարգավորելու համար», սակայն չէր մանրամասնել՝ ինչի մասին է խոսքը։