«Լույս, որին դեռ չենք հասել, էկրան, որ կբացվի մթության մեջ». հոկտեմբերի 3-ին կմեկնարկի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը

Ծառերից դեղնակարմիր սիրուն միրգը հավաքել չի լինի, անուշահոտ բույրը դահլիճով մեկ չի տարածվի, ծիրանի երկիր ժամանած հյուրերն էլ հայկական խորհրդանիշ դարձած պտուղը չրի, ջեմի տեսքով կհամտեսեն. «Ոսկե Ծիրան»-ն այս տարի հոկտեմբերի 3-ից 10-ը կտևի։

Միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը խոստանում է՝ սիմվոլիզմը չի տուժի. «Երևի թե չիրը կամ ջեմը մեր այս իրողությանը ավելի խորհրդանշական է, քան թարմ ու հասած ծիրանը, եթե ինքնախաբեությամբ չզբաղվենք, այլ կոնկրետ սիմվոլիկայով առաջնորդվենք»։

Ոչ միայն Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, այլ նաև համաշխարհային կինոյի օրացույցի փոփոխության պատճառով անցած և այս տարի ամառային փառատոնը ուշացավ. Կաննի փառատոնը համընկավ «Ոսկե Ծիրան»-ի հետ, իսկ արդեն աշնանը պատերազմը չեղարկեց բոլոր ծրագրերը, հիմա անցածը ամփոփելու և ապագան ուրվագծելու ժամանակն է։ Չի լինի կարմիր գորգ, կինոտոնի բոլոր ատրիբուտներն էլ հատուկ տրամադրությամբ են ստեղծվել։ Թեկուզ հենց պաստառը, որի հեղինակը ֆրանսաբնակ Վահրամ Մուրատյանն է։

«Գրաֆիկ նովելների հեղինակ, վիզուալ արվեստագետ, ով այս տարվա Կաննի կինոփառատոնի ծրագրերից մեկի ժյուրիի կազմում էր և արել էր ծրագրերից մեկի պաստառ, ու այնտեղ՝ Կաննում հանդիպեցինք և առաջարկեցինք, որ իր պատմական հայրենիքի միջազգային կինոփառատոնի վիզուալ արշավը նույնպես հեղինակի։ Սիրով համաձայնվեց, հետո քննարկում էինք կոնցեպտը, թե ինչի շուրջ պետք է դա լինի», - ներկայացրեց Ավետիսյանը։

Բացատրելու շատ բան չկա, ասում է փառատոնի գեղարվեստական տնօրենը՝ լույս, որին դեռ չենք հասել, էկրան, որ կբացվի մթության մեջ. «Չկա նաև ոչինչ նշած, որովհետև այս տարին էլ ինչ-որ առումով զրոյական կետ է մեզ համար, ինչ-որ առումով դատարկ թուղթ, որ մենք ինքներս պետք է լցնենք սևով, թե սպիտակով, դա էլ ժամանակը ցույց կտա»։

18-րդ «Ոսկե ծիրանը» նաև հետպատերազմական է. ներառված են ֆիլմեր, որոնք պատմում են այդքան տարբեր, բայց այդքան նույն՝ պատերազմի ցավերի մասին՝ անկախ աշխարհագրությունից։

Հայկական 9 ֆիլմեր կմրցեն «Կորիզ» անվանակարգում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ոսկե ծիրան»-ը կմեկնարկի «Ահեղի ծունկը» ֆիլմով. կժամանեն հանրաճանաչ հյուրեր

Փառատոնը կմեկնարկի իսրայելցի մրցանակակիր կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեղի ծունկը» ֆիլմով, որն այս տարի արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։ Ու սա դահլիճներ լցնելու միակ առիթը չի լինելու։

Հայաստան կժամանեն արտասահմանյան հեղինակավոր կինոգործիչներ. հենց ինքը Նադավ Լապիդը ևս հանդիպում կունենա կինոսերների հետ։ Փառատոնի բացման հաջորդ օրը հնարավորություն կա հանդիպելու Կաննի, Վենետիկի փառատոնների մրցանակակիր, Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհրդի կողմից լավագույն սցենարիստ ճանաչված, «Օսկար»-ի հավակնորդ Փոլ Շրեդերի հետ։ Վերջինս նաև Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմերի սցենարիստն է։ Այս ֆիլմերից մի քանիսը «հետահայաց ցուցադրությունում» հնարավոր կլինի դիտել։

Բայց փառատոնի գեղարվեստական տնօրենն ընդգծում է՝ փառատոնային այս թողարկման ամենամեծ ձեռքբերումը ոչ պատվավոր հյուրերն են, ոչ էլ մեծ էկրան բարձրացած կինոները, այլ այն 9 հայկական ֆիլմերը, որոնք կմրցեն «Կորիզ» անվանակարգում՝ կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում։

Հարգանքի տուրք կմատուցվի մահացած մեծերին. Բելմոնդոյի, Կիմ Կի Դուկի ֆիլմերից կցուցադրվեն։ Մոսկվա կինոթատրոնի հարակից հրապարակում այս անգամ երկու լեգենդար օպերատորի անուն կհայտնվի՝ «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» և այլ հայտնի ժապավենների օպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի և «Խոշոր Շահում», «Զինվորն ու Փիղը» ու էլի ջերմ հիշողություններ արթնացնող կադրերի հեղինակ Լևոն Աթոյանցի աստղերը։