Էրդողան-Պուտին հանդիպման ֆոնին խորանում է թուրք-ամերիկյան հարաբերություններում նկատվող ճգնաժամը

Օրերս Սոչիում Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների միջև կայացած հանդիպման ֆոնին խորանում է թուրք-ամերիկյան հարաբերություններում նկատվող ճգնաժամը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը Սոչիում կայացած ռուս-թուրքական բանակցությունները արդյունավետ է գնահատել


Առկա տարաձայնությունները երկու երկրների նախագահները պատրաստվում են քննարկել հոկտեմբերի վերջին Հռոմում կայանալիք G20-ի առաջնորդների հավաքի ժամանակ: Նախօրեին Սոչիից վերադարձի ճանապարհին Էրդողանը ասել է, որ ամերիկացի պաշտոնակցի հետ հանդիպմանը հատկապես ուզում է բարձրացնել F-35 ռազմական ինքնաթիռների հարցը: Նրա խոսքերով՝ ԱՄՆ կամ պետք է Թուրքիային տա գնված ինքնաթիռները, կամ վերադարձնի վճարված գումարը՝ 1 մլդ 400 մլն դոլար:

«Պետք է տեսնենք, թե ինչ ճակատագիր ունեցավ այդ գումարը: Մենք փող ունենք, բայց այն հեշտ չենք աշխատել և չենք կարող աջ ու ձախ վատնել», -ասել է Էրդողանը:

Պաշտպանական համակարգերի շուրջ ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների հարաբերություններ լարվեցին 2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը: Թուրքական իշխանությունների այդ քայլը ԱՄՆ-ին ստիպեց դուրս թողել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից: Հյուսիսատլանտյան դաշինքի համոզմամբ` S-400 համակարգերը անհամատեղելի են ՆԱՏՕ-ի պաշտպանական և ռադարային համակարգերի հետ և վտանգ են ներկայացնում կառույցի համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ S-400-ները Թուրքիային մատակարարելու առաջին փուլն ավարտվել է


Ռուսաստանի հետ այս գործարքի պատճառով անցած տարի դեկտեմբերին Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց Անկարայի դեմ՝ թիրախավորելով մասնավորապես այդ երկրի պաշտպանական արդյունաբերության ղեկավարներին: Ի հեճուկս այս ճնշումների, Թուրքիան գնալով խորացնում է համագործակցությունը Ռուսաստանի հետ:

Չնայած ԱՄՆ-ի դժգոհությանը, Թուրքիան հաստատակամ է ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետ ռազմաարդյունաբերական և պաշտպանական ոլորտում: Դրա մասին են վկայում Սոչիում կայացած Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքներն ու նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունները։

Նախօրեին Սոչիից վերադարձի ճանապարհին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը լրագրողներին ասել է, որ այս հարցում հետ ճանապարհ չկա և իրենք չեն հրաժարվելու հետագայում ևս Ռուսաստանից S-400 համակարգեր ձեռք բերելու մտադրությունից: Ավելի վաղ The New York Times-ին տված հարցազրույցում Էրդողանը ընդգծել էր՝ «Մենք ամրապնդում ենք մեր պաշտպանությունն այնպես, ինչպես նպատակահարմար ենք գտնում: Եթե ԱՄՆ մեզ Patriot համակարգեր վաճառեր, ստիպված չէինք լինի S-400 գնել»:

Միևնույն ժամանակ, նա շեշտել էր, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունները սկզբունքորեն կարևոր են մնում Անկարայի համար։ «Թուրքիան վաղեմի հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, դրանք կամրապնդվեն և պետք է պաշտպանվեն», - ասել էր նա։

Նախօրեին Էրդողանը հույս է հայտնել, որ Հռոմից հետո Ջո Բայդենին հանդիպելու առիթ կունենա նաև Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով գագաթաժողովին:

«Մենք քննարկելու ենք մեր հարաբերությունները բոլոր բնագավառներում՝ ռազմական, քաղաքական և առևտրատնտեսական»,-ասել է Էրդողանը:

Անցած շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթաժողովի ժամանակ սպասվող Էրդողան-Բայդեն հանդիպումը այդպես էլ չէր կայացել: ԱՄՆ-ից վերադարձի ճանապարհին Էրդողանը նշել էր, թե թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս դինամիկան հույս չի ներշնչում: Այնուհանդերձ, նախօրեին Թուրքիայի նախագահը լրագրողներին ասել էր, թե քայլեր են ձեռնարկվում և այս ուղղությամբ դրական ազդակներ կան: