Երևանում ու մարզերում պատերազմից մեկ տարի անց 20 հազար 700 արցախցի է ապրում՝ 5400 ընտանիք, որ սպասում են վարձով տներում, հյուրանոցներում կամ ժամանակավոր այլ կացարաններում։ Նրանց խնդիրներով զբաղվում է Արցախի կառավարության օպերատիվ շտաբը, որի բոլոր հարկերը հետպատերազմական առաջին փուլում լի էին բազմաթիվ հոգսաշատ դեմքերով, երեխաներով ու արցունքներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կոտրված մեջքով չապրել ու ամեն ինչ նորից ստեղծել». պատերազմի հետևանքով սեփական բնակավայրերից հեռացել է 42 հազար արցախցի«Սկզբնական շրջանում, օրինակ, եղել է ամիս 170 դիմում է մտել, հիմա գնալով արդեն 100 է դարձել, արդեն եկել է 70 է դարձել», - ասաց Արցախի կառավարության օպերատիվ շտաբի Հադրութի գրասենյակի համակարգող Արևիկ Աբրահամյանը։
Արևիկ Աբրահամյանն ասում է՝ հադրութցիների մեծ մասն այստեղ՝ Հայաստանում են, հիմնականը սոցիալական աջակցության ու բնակարանային հարցերն են։
Հիմա շտաբի միջանցքները մարդաշատ չեն, մթնոլորտը հուզական չէ, բայց խնդիրներն են անփոփոխ։
«Եկել եմ, որ տեսնեմ մեր ընդհանուր կարգավիճակը ինչ է լինելու, որտեղ դիմեմ, առհասարակ մեր հետագան ո՛չ ստեղ է, ո՛չ Արցախում են մեզ ինչ-որ բան առաջարկել», - ասաց քաշաթաղցի Լիլիթ Բաղդասարյանը։
Բաղդասարյանը 5 անչափահաս երեխա ունի, ամուսնու հետ վարձով են ապրում՝ 90 հազար դրամ ամեն ամիս։ Պետությունը բնակվարձի փոխհատուցման ծրագիր էր իրականացնում՝ հյուրընկալող տանտիրոջը 30 հազար փոխհատուցում էր, Լիլիթը, սակայն, այս ծրագրից հաջողացրել է օգտվել միայն մեկ անգամ, չգիտի ինչու՝ մերժում են. - «Դիմում գրել եմ, բողոք, բայց ոչ մի արձագանք չի եղել»։
Շտաբ դիմում գրելու էր եկել հադրութցի Աստղիկ Նավասարդյանը, ամուսինը հիվանդացել է թոքաբորբով, եկամուտ չունեն, ամեն ամիս տան վարձ են տալիս, դեղերի գումար գտնելը ընտանիքի համար խնդիր է դարձել. - «Որ արդեն 68 հազարների աջակցություն չենք ստանում, չենք կարողանում արդեն հասցնել»։
Հայաստանում հաստատված արցախցիները սեպտեմբերին չեն ստացել 68 հազարական դրամը։ Կառավարությունը սոցիալական այս աջակցությունը տեղահանված արցախցիներին տրամադրում էր նախորդ տարվանից՝ այն Արցախի հաշվառում ունեցող ու այլ եկամուտ չունեցող արցախցիների համար էր։ Օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանն ասում է՝ սպասում են նոր ծրագրի։
«Տեղյակ ենք, որ լինելու է անպայման, լինելու է 4 ամսվա ծրագիր, բայց կոնկրետ գումարի մասով դեռևս կառավարության որոշում չկա», - ասաց Սավադյանը։
68 հազարը տուն-տեղ կորցրած, վարձով ապրող արցախցիների համար ապրելու հիմնական գումարն է։ Սոցապ նախարարությունից պարզաբանում են՝ հոկտեմբերի 2-րդ տասնօրյակին նախագիծը կառավարություն կտանեն, հավանության արժանանալու դեպքում՝ սեպտեմբերի գումարը ևս կվճարվի։ Նոր ծրագիրը, սակայն, ենթադրելու է ոչ թե 68, այլ ամսական 50 հազար դրամի աջակցություն յուրաքանչյուր քաղաքացուն։ Հյուրընկալության նոր ծրագիր առայժմ չկա։ Չկան նաև առաջարկվող ելքեր՝ ի՞նչ անի մարդը այս ընթացքում, եթե գործադիրը հոկտեմբերին պետք է քննարկի սեպտեմբերից սկսվող ծրագիրը։
Տեղահանվածների զգալի մասը Քաշաթաղի ու Հադրութի շրջաններից են, քիչ չեն Արցախ վերադառնալ ցանկացողները, սակայն այնտեղ էլ տուն չեն գտնում։
Հադրութը 14 հազարանոց շրջան էր։ Շտաբի հաշվարկով 6400 հադրութցի Հայաստանում է, ավելի քան 4 հազարը մեկնել է Արցախ՝ փորձում են Ստեփանակերտում հաստատվել, կան նաև արտագաղթողներ, սակայն շտաբում առայժմ վերջնական թվեր չկան, թե պատերազմից հետո քանի արցախցի է հեռացել։
Պատերազմից ամիսներ անց արցախցիների շտաբում հոգեբանական ծառայություն էլ սկսեցին մատուցել։ Շտաբի հոգեբան Կարինե Խուդաբախշյանն ասում է՝ ուշ չէ, այս փուլն ավելի դժվար է. «Սկզբում տաք էին, մտածում էին, հույս ունեին, որ նորից կկարգավորվի, նորից հետ կդառնան իրենց բնականոն կյանքին, բայց հետո իրենք կանգնեցին իրական կյանքի առջև»։
Ըստ հոգեբանի՝ զարգացման խաթարումներ ավելի շատ նկատելի են արցախցի դեռահասների մոտ, շատերը դպրոց չեն ուզում գնալ. «Մեծ մասը արցախցի ասում է, որ մատնահարդար եմ դառնալու կամ վարորդ, իսկ դա լավ ցուցանիշ չէ։ Այսինքն՝ սա հոգեբանական պահ է, իրենք մտածում են, որ այդքանն են կարող անել»։
Մասնագետը չի կասկածում՝ պատերազմի հետևանքն է այն, որ արցախցի երեխաները բարձր թռչելու երազը փոխարինել են օրվա հաց վաստակելու համեստ ցանկությամբ։