Իրանի զինված ուժերն այսօր զորավարժություններ են սկսում Ադրբեջանի հետ սահմանին՝ հրետանու, զրահատեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի ու ռազմական ուղղաթիռների ներգրավմամբ: Դրանց նպատակն է ստուգել Իրանի զինված ուժերի պատրաստվածության աստիճանը, բարձրացնել մարտունակությունը և փորձարկել զինտեխնիկան, հայտարարել է իրանական բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը վաղվանից զորավարժություններ է սկսում Ադրբեջանի հետ սահմանինԻրանի և Ադրբեջանի սահմանի մոտ անցկացվող զորավարժությունների նկատմամբ իր դժգոհությունն ավելի վաղ բարձրաձայնել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Anadolu թուրքական պետական լրատվամիջոցին տված հարցազրույցում՝ ասելով, թե դրանք հարցեր են առաջացնում, քանի որ նման զորավարժություններ Իրանը չէր անցկացնում այն ժամանակ, երբ սահմանից այն կողմը շրջանները վերահսկում էր հայկական կողմը։
Պաշտոնական Թեհրանը սրան արձագանքել է՝ նշելով, որ Ալիևի հայտարարությունը զարմանք է առաջացնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանը հակադարձում է Իլհամ ԱլիևինԵրեկ Իրանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրներին անդրադարձել է նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի սիոնիստական վարչակարգի ներկայությունն ու գործողությունները ազգային անվտանգության դեմ և այդ առումով կձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները», - հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երկրում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ալի Ալիզադեի հավատարմագրերն ընդունելիս, հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Նախարարը, այդուամենայնիվ, հաջողություն է մաղթել Ադրբեջանի դեսպանին առաքելության ընթացքում և ընդգծել երկկողմ հարաբերությունների կարևորությունը բարիդրացիության շրջանակում։
Իրանա-ադրբեջանական սահմանին ընթացող զարգացումներին հետևող ռուսաստանցի վերլուծաբանները նկատում են, որ զորավարժությունների համար Ադրբեջանի սահմանի մոտ Իրանը բավականին լուրջ ռազմական ուժեր է կուտակել, և եթե ի սկզբանե դրանք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերն էին, ապա վերջին օրերին Իրանը սահմանի մոտ է կուտակել նաև բանակի ուժերը։
Իրանում այսօր ապրում է, տարբեր հաշվարկներով, 15-ից մինչև 30 միլիոն ադրբեջանցի։ 1978-79 թվականների Իսլամական հեղափոխության ժամանակ Իրանում ապրող ադրբեջանցիները լուրջ դերակատարություն են ունեցել և եղել են հեղափոխության մեջ ներքաշված հակաիշխանական լայն կոալիցիայի կարևոր մասը։