Ֆիզուլիի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Ֆիզուլիի (Վարանդայի) շրջանում։ Ըստ Արցախի ԱԻՊԾ-ի` հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 1 հայ զինծառայողի աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Ադրբեջանի վեևահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1678 աճյուն։

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմից 3 հազար 781 մարդ է զոհվել, 253 անձ համարվում է անհետ կորած: Ադրբեջանը հրադադարի հաստատումից հետո պաշտոնապես հայտարարել է 2 հազար 907 զոհվածի մասին։