Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության ծառայություն։ Քիչ առաջ այս մասին «Ազատությանը» հայտնեց ԶՈւ ԳՇ Տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։ Ասատրյանը հրաժարավեց այլ տեղեկություն տրամադրել։
ԱԱԾ լրատվական ծառայությունը օրվա ընթացքում այդպես էլ անպատասխան թողեց «Ազատության» հեռախոսազանգերը։
«Ազատության» հավաստի աղբյուրի փոխանցմամբ, այսօր ԱԱԾ է հրավիրվել նաև Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Տոնոյանին և նախկին այլ բարձրաստիճան սպաների ԱԱԾ հրավիրելու մասին օրվա ընթացքում հաղորդել էր «Հրապարակ» օրաթերթը՝ տեղեկացնելով նաև, որ մինչ այդ խուզարկել էին նրանց բնակարանները։
«Ազատության» նկարահանող խումբը այսօր այցելեց Տոնոյանի գրանցման վայր, սակայն բնակարանի դուռը ոչ ոք չբացեց։
Ըստ հրապարակումների, խուզարկությունները կապված են անորակ հրթիռների քրեական գործի հետ։ Օրերս ԱԱԾ-ն հաղորդեց, որ այդ գործով ձերբակալված Զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող բարձրաստիճան զինվորականը տեղյակ է եղել, որ դեռ 2011-ին մատակարար ընկերություններից մեկը ներմուծել է հրթիռներ, որոնց ժամկետներն անցած են եղել, սակայն սա չի խանգարել զինվորականին գնել անորակ հրթիռները, որոնց համար պետբյուջեից վճարվել է 4,7 միլիոն դոլար։ Այս հրթիռները 44-օրյա պատերազմում հնարավոր չի եղել կիրառել, հաղորդել էր ԱԱԾ-ն ու հավելել՝ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի օգտագործվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել։
ԱԱԾ-ն չի մանրամասնում, թե որ բարձրաստիճան զինվորականի մասին է խոսքը։ 2009-ից մինչև 2019-ը ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ-ը հաղորդում է ԶՈՒ-ում մոտ 4,7 մլն դոլարի չարաշահում բացահայտելու մասին, ձերբակալվել է նախկին բարձրաստիճան զինվորական