Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանին կրկին կոչ է անում դադարեցնել «ծանր վիրավորանք» հոդվածի կիրառումը։
Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը երկրորդ անգամ է ահազանգում՝ այս օրենքը վկայում է Հայաստանում ժողովրդավարության և խոսքի ազատության հետընթացի մասին։ Առաջին հայտարարությունն արեց օրենքն ընդունելուց անմիջապես հետո՝ երկու ամիս առաջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Freedom House-ը մտահոգություն է հայտնում Փաշինյանին վիրավորելու համար Facebook-ի օգտատիրոջ դեմ քրեական գործի առնչությամբՎերջին հայտարարության պատճառը այս հոդվածով հարուցված քրեական գործն է։ Մեկ շաբաթ առաջ քրեական գործ է հարուցվել Ֆեյսբուքում վարչապետ Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում անելու համար։
«Սա տեղի է ունենում Ազգային ժողովում պետական պաշտոնյաների դեմ ծանր վիրավորանքը քրեականացնող փոփոխություններ ընդունելուց ընդամենը երկու ամիս անց և խորհրդանշում է ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց Հայաստանում՝ ներառյալ խոսքի ազատությունը», - նշված է Freedom House-ի հայտարարությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար քրեական գործ է հարուցվել
Թեև միջազգային կազմակերպությունը հստակ շեշտել է, որ մտահոգված է Փաշինյանին վիրավորելու համար հարուցված քրեական գործով և հենց այն օրենքով, որի հիման վրա հարուցվել է, իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը պնդում է, թե կազմակերպությունը մոլորության մեջ է ու չի հասկացել այդ հոդվածի բովանդակությունը։
«Միջազգային կազմակերպությանը մոլորության մեջ են գցել, որովհետև Հայաստանում քրեականացվել է հայհոյանքը, անձի արժանապատվությունը նվաստացնելը», - պատասխանեց նա:
Փաշինյանի թիմակիցը, որ նաև այս օրենքի համահեղինակն է, միջազգային հեղինակավոր կազմակերության համար բացատրում է՝ «Ծանր վիրավորանք» վերնագրով հոդվածը ոչ թե վիրավորանքը, այլ հայհոյանքը քրեականացնելու մասին է։ Իսկ դա, ըստ նրա, ընդունված է զարգացած երկրներում։
«Freedom House-ի հորդորը կապ չունի այն օրենքի հետ, որի դեմ ուղղված է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում վիրավորանքը չի քրեականացվել: Մեզ ասել, որ ինչո՞ւ եք անում, դա նույն է, թե այսինքն հնարավորություն չտալ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դառնա իրավական երկիր», - հայտարարեց Հովակիմյանը:
Իշխանական պատգամավորները համաձայն չեն։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Զարուհի Բաթոյանն այս օրենքի կիրառմանը կողմնակից է, ոչ թե դադարեցմանը։
«Ես ինքս էլ շատ հաճախ նաև այդպիսի վիրավորանքների թիրախ դառնալով կարևորում եմ այդ օրենքի առկայությունը», - ընդգծեց Բաթոյանը:
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարարը, որ մինչև պաշտոնյա դառնալը, քաղհասարակության ակտիվ անդամ էր, միջազգային կազմակերպության արձանագրած խոսքի ազատության և ժողովրդավարության հետընթացը չի նկատում։
«Հակառակը՝ կա առաջընթաց: Գուցե սա ժամանակավոր լուծում պետք է լինի, բայց այս պահին դրա կարիքը և անհրաժեշտությունը», - ասաց Բաթոյանը:
Իշխանականներից Բաբկեն Թունյանը օրենքի արդյունավետությունը քննարկելուն է կողմ, ոչ թե այն դադարեցնելուն։ Ասաց՝ Freedom House-ի հայտարարությունը ի գիտություն կընդունեն։
«Այս պահին միգուցե դա որոշ կազմակերպությունների կողմից այլ կոնտեքստով հասկացվի, բայց մենք դա արել ենք պահի ու իրավիճակի անհրաժեշտությունից ելնելով», - ընդգծեց Բաբկեն Թունյանը:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությունները իշխանությունը պետք է հաշվի առնի, ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նշելով՝ հակառակ դեպքում սա բոլոր ժամանակների իշխանությունների համար ազատ խոսքի դեմ մահակ կդառնա։
«Վիրավորանքը, հայհոյանքը, դրանք ընդունելի բաներ չեն, բայց միանշական է, որ քրեականացնելով չես կարող այս երևույթների դեմն առնել, շատ ավելի խորքային խնդիր կա: Իհարկե, չի կարող ուղղակի սահմանվել Քրեական օրենսգրքով պատիժ՝ արձանագրելով հետընթաց խոսքի ազատությունից, մարդու հիմնարար իրավունքներից, կարծիքի արտահայտման ազատությունից», - ասաց Մինասյանը:
Սահմանը թե ում նկատմամբ պետք է կիրառվի այս օրենքը, որն է ծանր վիրավորանքը, հայհոյանքը կամ պարզապես վիրավորանք, այս օրենքի ձևակեպրումներով դժվար է կարգավորել, սա ժողովրդավարության հետընթացի պարարտ հող է. «Այս օրենքը չի կարող նպաստել Հայաստանում ժողովրդավարության առաջընթացին, զարգացմանը, հակառակը՝ սա օգնելու է, որպեսզի Հայաստանը հետընթաց ունենա բոլոր հնարավոր օբյեկտիվ, իրավապաշտպան կազմակերությունների գնահատումներում»:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում անելու երկու գործ է հարուցվել։ Օգտատերերը գրառումներն իրենց անձնական էջերում են արել։ Թե ինչ բովանդակությամբ ու ովքեր են, իրավապահները լռում են։ Միայն հայտնում են, որ կասկածյալներ դեռ չկան։ Իսկ թե բացի Փաշինյանից այլ պաշտոնյաներին կամ ընդդիմադիրներին ծանր վիրավորելու համար կան հարուցված գործեր, մեզ դեռ չեն արձագանքել։ Այս հոդվածով նախատեսված է պատիժ՝ առավելագույնը մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչև երեք ամիս ժամկետով: