Քարաբերդում մեկ շաբաթ առաջ էին խմելու ջուր ունեցել։ Վերջին 4 ամիսներին գյուղում ջուր շաբաթը մեկ է գալիս, այն էլ կես ժամով։ Գյուղացիներն ասում են՝ այդ ընթացքում հազիվ 1 օրվա խմելու ջուր են հավաքում, չեն հասցնում անգամ լվացք անել, լողանալ:
«Քիչ-քիչ եմ լվանում, որ չշատանա, չհավաքվի», - ասաց գյուղի բնակիչներից մեկը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քաղաքացիները դժգոհում են «Վեոլիա ջրի» աշխատանքիցԼվացք անելու ու լողանալու համար քարաբերդցիներից շատերը բարեկամ-ծանոթների տուն են գնում՝ այլ համայնքներ, այնտեղից նաև օրվա ջուրն են բերում՝ խմելու, ճաշի համար։
«21-րդ դարը չէ, 11-րդ դարն է մեր մոտ, եթե խմելու ջուր չկա, կորոնա է, ինֆեկցիա է, պահանջում են մաքրություն, ջուր, որ չլինի, մաքրություն որտեղի՞ց լինի», - նշեց քրաբերդցիներից մեկը:
Գյուղի շատ տներում էլ սպասում են անձրևին. Քարաբերդի բարձրադիր հատվածում անգամ շաբաթը մեկ տրվող ջուր չի հասնում։ Քարաբերդը Գյումրիից շուրջ 30 կմ է հեռու։ Ջրի խնդիրն այստեղ գյուղացիներից որոշներին ստիպել է մտածել արտագաղթելու մասին:
«Վեոլիա ջուր» ընկերությունն է ջուր հասցնում գյուղ, համայնքապետարանն էլ բաշխում է։ «Վեոլիա»-ի Թալինի տեղամասի պատասխանատուն ասում է՝ իրենք որևէ պարտավորություն չեն խախտում:
«Մեծածախ համայնքների հետ պայմանագրով տենց պայմանավորվածություն չունենք, թե ինչ քանակությամբ ջուր և ինչ գրաֆիկով պետք է տանք: Ինչ հնարավորություն ունենք, էդքան ենք տալիս», - ասաց Թալինի տեղամասի պետ Նարեկ Ավետիսյանը:
Թե ինչո՞ւ են այդքան քիչ քանակությամբ ջուր տրամադրում գյուղին, ընկերությունից պատճառաբանում են՝ սակավաջրությունն է պատճառը։
«Արդյոք այսօր կա՞ կորուստների կրճատում». Ջրային կոմիտեի նախկին նախագահ
Ընկերությունը Հայաստանի ողջ տարածքում տարածքում 2017-ից է ստանձնել ջրի միասնական օպերատորի պարտականությունները, դրանից առաջ էլ շուրջ 10 տարի կառավարել է մայրաքաղաքի ջրմուղկոյուղին։ Ընկերությունը տարիներ շարունակ խոսում է խմելու ջրի խոշոր կորուստներից։
«Մենք չպետք է մոռանանք, որ պայմանագրի կարևորագույն կետերից մեկը կորուստների կրճատումն է, կորուստների կրճատում, որը նաև կբերեր սակագնի ոչ թե բարձրացում, այլ իջեցում: Արդյոք այսօր կա՞ կորուստների կրճատում, արդյոք գրանցվո՞ւմ են այդ կրճատումները, ինչո՞ւ է միշտ խոսվում 80 և ավելի տոկոս կորուստների մասին», - ասաց Ջրային կոմիտեի նախկին նախագահ Ինեսսա Գաբայանը:
«Վեոլիա ջուրն» այդ հարցերն անպատասխան է թողնում։ Ընկերությունից ոչ հարցազրույց են ցանկանում տալ, ոչ էլ մեր հարցումներին են պատասխանում։ Պայմանագրի կողմ Ջրային կոմիտեից էլ այսօր հրաժարվեցին մեր հարցին պատասխանել՝ արդյոք «Վեոլիան» կատարո՞ւմ է պայմանագրով ստանձնած պարտավորությունները։
«Հանրապետությունում շատ-շատ տեղերում, մարզերում և այլն, որտեղ վթարված էր, ջուրը անարգել հոսում էր, և իրենք ոչ մի աշխատանք չէին իրականացնում՝ այդ ջրային կորուստները նվազեցնելու և ներդրումներ կատարելու», - ընդգծեց հետաքննող լրագրող Սառա Պետրոսյանը:
Դեռ 2019-ին է հետաքննող լրագրող Սառա Պետրոսյանն արձանագրել՝ ֆրանսիական ընկերությունը պայմանագրով սահմանված պարտավորությունները չի կատարում, ասում է՝ ջրաչափեր ձեռք բերելու գործարքով տարեկան առնվազն 100 մլն դրամով պակաս է կատարել ներդրումը։ Հիմա էլ սպառողները անգամ մայրաքաղաքում դժգոհում են հաճախակի ու տևական ջրանջատումներից։
Մինչ այդ․ «Վեոլիան» ցանկանում է ջրի սակագինը բարձրացնել՝ 43.7 դրամով. Այսինքն 1 խորանարդ մետրի դիմաց գործող 180-ի փոխարեն 223.7 դրամ գանձել բաժանորդներից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ թանկացման հայտն է ուսումնասիրում, դրա համար մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ ունեն։
«Բանակցում ենք 10 տարվա համար հաստատուն սակագին ունենալու հարցով». Գարեգին Բաղրամյան
«Հիմա եթե նայենք զուտ բազիսային գնին, 22 թվականի համար արդեն իսկ բազիսային գինը, դեռևս հաշվի չառած սղաճը, ջրի ծավալների փոփոխությունը և էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը, որոնք ճշգրտման գործոններն են, բազիսային սակագինն արդեն 214 դրամ էր, այսինքն՝ այդտեղ արդեն իսկ ունենք 34 դրամի ավելացում՝ մրցույթի ժամանակ դեռևս ձևավորված», - ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Ջրի սակագինը վերանայելու հայտ ներկայացնելու հնարավորություն «Վեոլիա ջրին» պետության հետ կնքված պայմանագիրն է ընդձեռում, նկատում է Գարեգին Բաղրամյանը։
Պաշտոնյան պարզաբանում է՝ որպես սակագինը բարձրացնելու հիմք «Վեոլիա ջուրը» նաև էլեկտրաէներգիայի թանկացումն ու սղաճն է ներկայացրել: Բաղրամյանը տեղեկացրեց՝ հանձնաժողովն ու պետությունը «Վեոլիա»-ի հետ քննարկում են առաջիկա 10-ը տարվա համար հաստատուն սակագին ունենալու հարցը։
«Հիմա բանակցում ենք «Վեոլիա»-ի հետ 10 տարվա համար որոշակի հաստատուն գնային քաղաքականություն ունենալու համար: Այսինքն՝ դեռևս վերջնական փուլում չէ, բայց ենթադրում եմ, որ կունենանք որոշակի հաստատուն գին մոտ 10 տարվա համար», - նշեց Բաղամյանը:
Այնուամենայնիվ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հաստատում է՝ պետական մարմնի առաջարկում էլ որոշակի թանկացումներ են նախատեսվում, թե ինչքան դեռ չի հայտնում։