«Կուզեմ բնավորությամբ, տեսքով ախպոր նման եղնի, բայց ճակատագրով՝ չէ». զոհված զինվորի մայր

Սուսաննա Հակոբջանյանն իր նորածին որդի Նիկոյի հետ։

Ջրաշենցի Սուսաննա Հակոբջանյանը 44-օրյա պատերազմում զոհված որդու լուսանկարի մոտ սրբում է արցունքներն ու շտապում 8 օրական փոքրիկին կերակրելու։

«Նրա մեջ գտա սփոփանքս», - ասում է 42-ամյա Սուսաննան ու փոքրիկ Նիկոյին ամուր սեղմում կրծքին. - «Կուզեմ բնավորությամբ ախպոր նման եղնի, տեսքով, բայց ճանակագրով՝ չէ»։

20-ամյա Նիկոն երեք ամսից ավարտելու էր ծառայությունը։ Ասկերանի զորամասում էր։ Բայց պատերազմը ընդհատեց կյանքը։ Պապը՝ 90-ամյա Հայկ Մխիթարյանն անվերջ կարող է խոսել Նիկոյի երազանքների մասին։ Ճարպիկ էր, ասում է, ու տխուր կատակում, թե հարսանիքներում փեսացուներին նետվող ծաղկեփնջերը միշտ ինքն էր որսում։ Սպասում էին, թե կգա՝ մի մեծ հարսանիք կանեն։

Պապն ապրած ինը տասնամյակների ընթացքում շատ տխրություն է տեսել, բայց սա անտանելի վիշտ է։ Միայն փոքրիկի ծնունդն է ժպիտ բերել տուն, միայն նրա հետ ու նրա մասին խոսելիս են ժպտում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Էս էն պահն ա, որ պիտի ամբողջ կյանքդ սպասես». անհետ կորածի մայր

«Նիկողոս էր իրա անունը, բայց մենք Նիկո էինք ասում։ Հիմա էրեխուն հենց Նիկո ենք դրել։ Ոնց որ անընդհատ սպասում եմ, որ հեսա Նիկոյին պտի նմանվի, Նիկոն եղնի...», - ասում է որդեկորույս մայրը։

Տան մի անկյունում զոհված որդու լուսանկարներն են, զինվորական իրերն ու մեդալները։ Ասում են՝ աչքի լույսի պես կպահեն նրա մասին ամեն ինչ պատմելու համար։ Քույրը՝ Լաուրան մեծ Նիկոյից տասը տարով փոքր էր, նորածին Նիկոյից՝ տասը տարով մեծ։

«Մեծ երազանքներ ուներ, որ գար, ուսումը շարունակեր, մեծ մարդ դառնար։ Ամեն ինչ թերի մնաց», - լացակումած ասում է Սուսաննան։

Հավատացած են, որ որդին մարտական գործը կատարյալ է արել։ Ընկերներն են պատմել, որ Նիկոն ու հրամանատարը զոհվել են մյուս վեց զինվորներին փրկելու համար։ Նրանք էլ իրենց կյանքը վտանգելով դուրս են բերել զոհվածների մարմինները։

Այժմ տանը բոլոր երազանքները Լաուրայի ու փոքրիկ Նիկոյի մասին են։ 40 տարի գյուղի գրադարանում ու մշակույթի տանն աշխատած պապիկը մի կարևոր ցանկություն ունի, որ Նիկոն կարդալը սիրող երեխա լինի, ինչպիսին ավագ Նիկոն էր։